Ռուսական «ՏրանսԱէրո» ավիաընկերության հայաստանյան միակ պաշտոնական ներկայացուցիչը գործում է 2012-ի հունիսից: Ընկերությունն առաջարկում է Մոսկվա-Երևան և Մոսկվայից աշխարհի տարբեր ուղղություններով չվերթներ:

 

Այսօր Լուրեր.com-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ երեկ Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է, ինքնաթիռը մեկնել է Մին-Վոդի: Մին-Վոդիի օդանավակայանում, ըստ քաղաքացու ահազանգի, տիրել է անհանգիստ իրավիճակ:

 

«Ուղևորներին կես ժամը մեկ ասել են, թե կես ժամից կթռչեն, բայց թռիչքը հետաձգվել է գրեթե 8 ժամ: Ողջ ընթացքում ուղևորներին սննդով չեն ապահովել, տվել են միայն ջուր: Եղել է անմադկային և անտարբեր վերաբերմունք»,- ասաց մեր խմբագրություն զանգահարած կինը: Վերջինս նշեց նաև, որ զանգահարել է Հայաստանում «ՏրանսԱէրո» ավիաընկերության միակ պաշտոնական ներկայացուցչություն, որտեղից իրեն ասել են, որ իրենք պատասխանատվություն են կրում միայն տոմսերի վաճառքի և այստեղից ուղևորներին ճանապարհելու համար:

 

Լուրեր.com-ը զրուցեց ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Համլետ Գասպարյանի հետ:

 

«Ոչ միայն երեկ, այլ նաև առաջին օրն էլ իքննաթիռը գնացել է Մին-Վոդի, քանի որ մեզ մոտ թռիչքուղին փակ է եղել ձյան պատճառով: Միայն «ՏրանսԱէրո»-ն չէ, այդ թվում նաև «Սիբիր»-ը և «Աէրոֆլոտ»-ը գնացել են Մին-Վոդի:

 

Քաղաքացու բողոքը մեզ հետ կապ չունի, վերաբերում է Մին-Վոդիի օդանավակայանին: Մեր պարտականությունն է դիմավորել ինքնաթիռը և ճանապրհել: Իսկ այնտեղի բողոքները' այնտեղի համար են:

 

Ինքնաթիռը վայրէջք է կատարել 5:56, բայց պետք է վայրէջք կատարեր երեկ' 22:50: Մեզ մոտ թռիչքուղին փակ է եղել, ձյուն էր, մաքրում էին: Իսկ թե Մին-Վոդիում սնունդ տվել են, թե' ոչ, մենք պարտավոր չենք իմանալ, մենք ի՞նչ իմանանք' այնտեղ ինչ է կատարվում: Մեր պարտավորությունն այն է, որ ինքնաթիռներին ժամանակին ընդունենք, ժամանակին ուղարկենք' ապահովելով գրանցումը, ուղեբեռը և այլն: Կարևորը, մենք այստեղ ամեն ինչով ապահովում ենք: Եթե չանենք, այդ դեպքում պատասխանատվությունը մնում է մեզ վրա: Ի դեպ, քաղաքացին, ով մեզ ևս զանգահարել էր, ինչ-որ խնդիրներ էր ունեցել Մոսկվայի աշխատակիցներից մեկի հետ, ուշացում էր եղել, բայց այդ ամենը մեզ չի հետաքրքրում»,-ասաց Գասպարյանը:

 

Լուրեր.com-ը փորձեց կապ հաստատել նաև Մոսկվայի գլխավոր մասնաճյուղի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, սակայն չհաջողվեց: