Ավստրալիան փակել է Աֆղանստանի Ուրուզգան գավառում գտնվող իր խոշորագույն Թարին Քաութ ռազմաբազան և դուրս է բերել իր ռազմական ստորաբաժանումները երկրից: Ինչպես գրում է The Sydney Morning Herald-ը, այդ մասին Սիդնեյում հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբոթը:

 

Ավստրալիայի վարչապետը, ի մի բերելով արդյունքները, հայտարարել է, որ երկիրը շատ բարձր գին է վճարել պատերազմի համար, սակայն զոհերն իզուր չեն եղել:

 

«Դրա ապացույցն է հանդիսանում այն, որ Ուրուզգան գավառը տասնամյակի ընթացքում էապես փոխվել է: Այնտեղ բարելավվել են ենթակառուցվածքները, սկսել են առավել որակյալ աշխատանք կատարել կառավարական հաստատությունները, բնակչությանը հասանելի է դարձել բժշկական ծառայությունը, իսկ աղջիկները դպրոց հաճախելու իրավունք են ստացել»,-ասել է վարչապետը:

 

Աֆղանստանում մնացել է 400 ավստրալացի զիծառայող, ովքեր մարզելու են և խորհրդատվություն են կազմակերպելու տեղի զինված ուժերի համար: Բացի այդ' պաշտոնական Կանբերան տարեկան 89 մլն դոլար է հատկացնելու Աֆղանստանի պաշտպանական ուժերին: