013 թվականին գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի և վարվող պետական քաղաքականության արդյունքում ոլորտում գրանցվել են էական դրական տեղաշարժեր:
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 857.4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.1 %-ով: Նշվածի հետ մեկտեղ անասնապահությունում 2013 թվականին գրանցված դրական տեղաշարժերը, մասնավորապես դեկտեմբեր ամսվա ցուցանիշները, կարող են նկատելի ազդեցություն ունենալ ոլորտի տարեկան ամփոփ արդյունքների վրա:
Գյուղատնտեսության ոլորտում առկա են որոշակի ձեռքբերումներ, որոնցից առանձնանում են հետևյալները'
· Առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացումը: 2011-2013 թվականներին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են շուրջ 35.0 հազ. հա-ով, այդ թվում միայն 2013 թվականին' 14.0 հազ. հա: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2013 թվականին կազմել է 71.0 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց:
· Հիմնական ձեռքբերումներից է 2013 թվականին սերմնաբուծության և սերմապահովության ուղղությամբ իրականացված պետական ծրագրերի արդյունքում հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալների աննախադեպ ավելացումը: Ընդ որում, հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը շուրջ 20 %-ով, այդ թվում ցորենինը' ավելի քան 26 %-ով: Օպերատիվ տվյալներով, ցորենի միջին բերքատվությունը կազմում է 30.8 ց/հա, նախորդ տարվա 26.0 ց/հա-ի դիմաց: Ցորենի ծավալների նման աճը հնարավորություն կտա ինքնաբավության մակարդակը, ըստ գնահատման, 2013 թվականին նախորդ տարվա նկատմամբ ավելացնել 6-7 տոկոսային կետով: Կարևոր է համարվում նաև գրեթե բոլոր բուսաբուծական մթերքների ծավալների ավելացումը:
· 2013 թվականին անասնագլխաքանակի աճի միտումները և անասնապահության ոլորտում իրականացված ծրագրերը նախադրյալ հանդիսացան անասնաբուծական հիմնական մթերքների արտադրության ծավալների ավելացման համար: Ըստ օպերատիվ տվյալների, անասնապահական մթերքների համախառն արտադրությունը կգերազանցի 2012 թվականի մակարդակը ավելի քան 7.0 %-ով նախորդ տարվա 3.2 %-ի դիմաց:
· Հանրապետությունում անասնաբուծության զարգացմանը, ինչպես նաև բնական կերահանդակների արդյունավետ օգտագործմանն է ուղղվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է հանրապետության 6 մարզերի (Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի) համայնքներում: Նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներին' հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման միջոցով: Ծրագրով նախատեսված 55 համայնքի փոխարեն աշխատանքներ են իրականացվում լրացուցիչ ևս 12 համայնքում:
· Կարևոր ձեռքբերումներից է գյուղատնտեսությունում տնտեսական աճի հետ մեկտեղ արտահանման կառուցվածքում գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշռի ավելացումը: 2013 թվականին հանրապետությունից արտահանվել է շուրջ 63.0 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 2 անգամ:
· 2013 թվականին ընդլայնվել են գյուղատնտեսական հումք արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարաբերությունները: Մթերումների գործընթացն ընթացել է սահուն: Պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 56.8 հազ. տոննա պտուղբանջարեղեն, այդ թվում՝ 13.0 հազ. տոննա ծիրան, որի ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 47.5 %-ով: Ընթացիկ տարում մթերվել է 167.2 հազ. տոննա խաղող, նախորդ տարվա 156.6 հազ. տոննայի դիմաց: Էական դրական տեղաշարժեր են գրանցվել գյուղատնտեսական հումքի մթերումների դիմաց վճարումների գործընթացում:
· Հաջողությամբ իրականացվել են գյուղատնտեսությունում տնտեսավարողներին աջակցության մի շարք ծրագրեր: Մասնավորապես «Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրերը, որոնց շրջանակներում 2013 թվականին գարնան գյուղատնտեսական և աշնանային աշխատանքների համար, համայնքներում, հողօգտագործողներին շուկայականից ցածր գներով հատկացվել է պահանջված քանակությամբ ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութ:
Զգալի աշխատանքներ են տարվել գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողներին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման ուղղությամբ: ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգին համապատասխան՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքների համար սուբսիդավորվել է վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետը։ 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 49.4 մլրդ դրամի 57.9 հազ. միավոր վարկ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարը կազմել է 1.4 մլրդ դրամ:
· Շարունակվել է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման միջոցառումների իրականացումը: Մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման հայեցակարգի» նախագիծը, որով հստակեցվել են գյուղատնտեսությունում կոոպերացիայի խթանման քաղաքականության հիմնական ուղղությունները։
Նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով աջակցություն է ցուցաբերվել գյուղատնտեսական գործունեություն իրականացնող կոոպերատիվների ձևավորմանը։ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության 6 մարզերում ստեղծվել են 67 արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ։
· 2013 թվականին որոշակի աշխատանքներ են իրականացվել գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածության ուղղությամբ: Մասնավորապես, Բելոռուսի Հանրապետության հետ բանակցությունների արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր գներով հանրապետություն է ներկրվել 120 միավոր ՄՏԶ-82.1 մակնիշի անիվավոր տրակտորներ, իրենց գյուղատնտեսական գործիքներով: Տեխնիկան կառավարության որոշմամբ իրացվել է ուղղակի վաճառքի և լիզինգի միջոցով: Նշվածից բացի նախարարության համակարգմամբ գործող վարկային ծրագրի շրջանակներում 2012-2013թթ. հանրապետություն է ներկրվել և 367 միավոր տրակտորներ և գյուղատնտեսական գործիքներ:
Գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումների և իրականացված աշխատանքների հետ մեկտեղ առավել շատ են խնդիրները: Մասնավորապես, 2014 թվականին քաղաքականությունն ուղղվելու է հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը.
· Առանձնակի կարևորվելու է գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, մասնավորապես հողային ռեսուրսների, նպատակային և արդյունավետ օգտագործումը, ցանքատարածությունների ավելացումը:
· Առաջնահերթ խնդիր է մնում երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը:
· Առաջիկա խնդիրների մեջ առանձնանում է տնտեսավարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսավարողների համատեղ գործունեությունը խթանելու մեխանիզմների ներդրման միջոցով՝ արտադրության արդյունավետության բարձրացումը:
· Առաջնահերթ խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակաբույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնաբուծության համակարգի զարգացումը, վերջինիս արդյունքում՝ բարձրորակ սերմերով հանրապետության ապահովվածության մակարդակի բարձրացումը:
· Խաղողագործության զարգացմանը կուղղվի խաղողի տեղական սորտերի կոլեկցիոն այգիների հիմնման ծրագիրը:
· Առաջնահերթ է համարվում անասնաբուծության տոհմային գործի կազմակերպումը, մասնավորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը, արհեստական սերմնավորման գործընթացում արդյունավետ մեխանիզմների և տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև անասնաբուժական համակարգի կատարելագործումը:
· Գյուղատնտեսությունում տնտեսավարողների կայունության ապահովման նպատակով կշարունակվի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:
· Կշարունակվեն մատչելի պայմաններով գյուղատնտեսության կարևորագույն ռեսուրսների մատակարարման ծրագրերը, մասնավորապես դիզելային վառելանյութի, հանքային պարարտանյութերի, ընդ որում 2014 թվականին ազոտական պարարտանյութի հետ միասին կմատակարարվեն նաև պահանջվող քանակությամբ ֆոսֆորական և կալյումական պարարատանյութեր:
· Լուրջ խնդիրներից է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի խնայողաբար օգտագործումը, որին կնպաստի ձկնաբուծությունում կիսափակ տեխնոլոգիայի ներդրումը:
· Կարևորվում է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնարկումը:
· Բնական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների բացառման համար հրատապ է համարվում կարկտապաշտպան ցանցաշերտերի կիրառման տեխնոլոգիաների ներդրումը:
· Երկրի պարենային հաշվեկշռի բարելավման, սպառողների առողջության պահպանման, բուսաբուծական և անասնապահական ծագման արտադրատեսակների մրցունակության բարձրացման առումով շարունակվելու է սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավումը, մասնավորապես օրենսդրական հիմքերի կատարելագործումը, տեխնիկական բազայի ամրապնդումը և կադրերի ուսուցումը:
· Առաջնահերթ են նաև գյուղատնտեսության մեքենայական հավաքակազմի համալրման խնդիրները, որոնց լուծմանը կուղղվեն գյուղատնտեսությունը տեխնիկական միջոցներով ապահովելու տարբեր մատչելի մեխանիզմներ: Առանձնակի ուշադրություն կդարձվի հացահատիկահավաք կոմբայնների մատակարարման մատչելի մեխանիզմների ներդրմանը: