Նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո, այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցում էին նախարարության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուները:
Օրակարգում վարչապետի և նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջև դրված նոր խնդիրների ու պահանջների և վերջիններիս շրջանակներում ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագրի քննարկումն էր:
Շնորհավորելով մասնակիցներին մայիսյան եռատոների առթիվ, նախարարը նախ հանգամանորեն ներկայացրեց ՀՀ Նախագահի կողմից նոր կառավարությանը ներկայացված նորովի աշխատելու պահանջները, այնուհետև անդրադարձավ ոլորտի զարգացման ծրագրին. «Այն աճի իրական հեռանկարներ է նախատեսում ոլորտի բոլոր ճյուղերի համար» ,- նշեց նախարարը, որոշակիորեն կանգ առնելով չօգտագործվող այն հնարավորությունների վրա, որոնց ներառումն արտադրություն մեծապես կխթանի գյուղատնտեսության զարգացմանը:
Խոսելով գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման մասին, նախարարը կարևորեց չօգտագործվող հողերի վերադարձն արտադրություն, անասնագլխաքանակի և արտադրանքի իրական ծավալների մասին ճշգրիտ հաշվառման ապահովումն անասնապահության մեջ, ինչպես նաև կատարողական կարգապահության ամրապնդումը բոլոր օղակներում և մակարդակներում:
« Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը կառավարության քաղաքականության առանցքային փոփոխություններից է: Կառավարությունը նպատակադրում է, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ՝ յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի »,- նշեց նախարարը: