Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը այցելեց «Ազդակ», «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերի խմբագրություններ, Ջբեյլի «Թռչնոց Բույն» մանուկների հաստատություն և Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր խնդիրներ ունեցող հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոն, որոնց ղեկավարներին և սաներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու շնորհավորանքները, ինչպես նաև դրամական նվիրատվությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: ՀՀ Նախագահի շնորհավորականներն ու նյութական աջակցությունը հայկական կառույցների կողմից ընդունվել են մեծ ոգևորվածությամբ և երախտագիտությամբ:
Լիբանանահայ օրաթերթերին հասցեագրված ուղերձում ՀՀ Նախագահը համոզմունք է հայտնել, որ նվիրված աշխատանքի և գործադրած ջանքերի շնորհիվ լիբանանահայ մամուլն առավել գործուն և որակով կլուսաբանի համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, գրչի ճկունությամբ և զորությամբ, հայրենասիրությամբ, հաստատակամությամբ և արհեստավարժությամբ կնպաստի Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մասին համընդգրկուն նյութերի պատրաստմանն ու հրատարակմանը:
«Թռչնոց Բույն»-ի և «Զվարթնոց»-ի ղեկավարներին ու սաներին հասցեագրված ուղերձում ՀՀ Նախագահը բարձր է գնահատել մանկավարժների անձնուրաց և ազգանվեր գործունեությունն՝ ուղղված հայ մանուկների և երիտասարդների կրթական, հոգեբանական և ֆիզիկական զարգացումն ապահովելուն:
Լրատվամիջոցների ղեկավարներն ու հաստատությունների տնօրենները հավաստիացրել են, որ ջանք չեն խնայի շարունակելու իրենց գործունեությունը հայապահպանության, հայեցի դաստիարակության և Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման ուղղությամբ: Նրանք իրենց խորին երախտագիտությունն են հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շարունակական հոգատարության և ուշադրության համար, ինչպես նաև խնդրել են ՀՀ Նախագահին փոխանցել իրենց ջերմագույն բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները գալիք տոների կապակցությամբ: