Комсомольская правда-ն այսօր լուր է հրապարակել, թե սիրված դերասան Մհեր Մկրտչյանի՝ Սոչիում բնակվող ազգականները՝ 29-ամյա կինոպրոդյուսեր Ալեքսանդր Մկրտչյանը և նրա կինը, իրենց 3-րդ երեխային անվանակոչել են Օլիմպիադա։
«Մենք նման ազգականներ չունենք ՌԴ Սոչի քաղաքում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանի եղբայր Ալբերտ Մկրտչյանը՝ հերքելով Комсомольская правда-ի լուրը։
Երեխայի ծնողները վստահեցնում են, թե նրանք Մկրտչյանների ազգականն են։
Նրանք պատմել են, որ երեխան ծնվել է առողջ՝ 3.150 գրամ քաշով և 21 սմ հասակով։ Ընտանիքի ավագ երեխաները՝ 7-ամյա Դավիթը և 4-ամյա Վիկտորյան, արդեն օգնում են մայրիկին փոքրիկի խնամքի հարցում։
Երեխայի անվան հարցում ծնողները բավական երկար են մտածել։ Ի վերջո, նրանք որոշել են նրան անվանակոչել Օլիմպիադա։
«Իհարկե, մենք որոշեցինք անվանակոչել նրան ի պատիվ Օլիմպիական խաղերի, քանի որ դա մեծ իրադարձություն է մեր երկրի համար՝ ընդհանրապես, և մեր ընտանիքի համար՝ մասնավորապես»,- պատմել է նորածին աղջկա մայրը։