«Ֆինանսական բուրգի» գործով այսօրվա դատական նիստում դատարանը մերժեց գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

 

Պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շատ ծանր է: Նա, պաշտպանի բնորոշմամբ, «մահամերձ վիճակում, պատգարակով» տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից բուժում լրիվ չստացած՝ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, իսկ այսօր դատական նիստից հետո նախատեսվում է նրան տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

 

Ըստ պաշտպանի՝ ամբաստանյալը տառապում է գլխուղեղի հետին պատի անիֆրիզմայով: Պաշտպանը ներկայացրեց հիվանդանոցի տրամադրած էպիկրիզի պատճենը, ինչը դատարանի կողմից գնահատվեց որպես ոչ պատշաճ փաստաթուղթ: Պաշտպանական կողմը հայտնեց, որ իրենց փաստաթղթի բնօրինակը չի տրամադրվել:

 

Պաշտպանական կողմը միջնորդեց դատական քննությունը հետաձգել: Ըստ Հ.Գրիգորյանի՝ իր պաշտպանյալը շատ թույլ է իրեն զգում, գլխապտույտ ունի, չի կարողանում տեղաշարժվել ու խոսել:

 

Գործում այսօր ներգրավված մեղադրող Արթուր Երիցյանը կարծիք հայտնեց, որ եթե հնարավոր չլիներ ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստին, ապա չէին տեղափոխի: Ըստ նրա՝ նիստը հնարավոր է շարունակել:

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հակադարձեց. «Ինչպե՞ս է հնարավոր շարունակել, եթե ամբաստանյալը չի խոսում»:

 

Դատարանը դատական նիստը հետաձգեց մինչև փետրվարի 6-ը:

 

Ըստ քաղաքացի Արթուր Անդրեասյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2010 թվականի հունիսից մինչև 2013 թվականի մայիսի 3-ը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով՝ թվով 7 քաղաքացուց հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար, ձեռք է բերել գույքի նկատմամբ իրավունք:

 

Քրեական գործը հարուցվել էր՝ քաղաքացի Արթուր Անդրեասյանի, ՀՀ ոստիկանության նախկին և գործող մի շարք պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ քաղաքացիների կողմից ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու, կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու, վաշխառությամբ զբաղվելու դեպքերի վերաբերյալ:

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Անդրեասյանը, բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առքուվաճառքով զբաղվելու հետևանքով հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով՝ հափշտակել տարբեր քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ։

 

«Փաստինֆո»