«Կարգին սերիալ»-ից և համանուն սքեթչերից հայտնի Կարգին Հայկոն' Հայկ Մարությանը, իր ընտանիքի և «Նոր հայեր» КВН-ի խմբից հայտնի Արտակ Գասպարյանի հետ միասին նախաձեռնել են սոցիալական ծրագիր և սոցիալապես անապահով 200 քաղաքացիների մեկ տարի շարունակ կաջակցեն սննդամթերքով և բարձրակարգ խոհարարների կողմից պատրաստված թարմ ճաշատեսակներով: Անգամ սննդի տարաները և դրանց լվացման միջոցները տրամադրվել է Մարությանների ընտանիքի կողմից:

 

Ծրագիրը գործում է տարեսկզբից' Քանաքեռում և Հույսի Ավանում: «Հայաստանում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ շատ քաղաքացիներ, ընտանիքներ օրվա հացի խնդիր ունեն լուծելու: Մեր ընտանիքը Ռուսաստանում բնակվող մեր ընկերոջ' Արտակի հետ միասին որոշել ենք աջակցել այդպիսի քաղաքացիներին: Արտակը այժմ ապրում եւ աշխատում է Ռուսաստանում, կինոպրոդյուսեր և գործարար է»,- ասաց Հայկ Մարությանը: Ըստ Հայկի' ծրագրում ընդգրկել են ամենախոցելի վիճակում գտնվող ընտանիքները. «Ընտանիքներ, որտեղ աշխատունակ մարդ չկա, կան միայնակ մայրերի հետ ապրող երեխաներ, պապիկի ու տատիկի հոգատարության տակ գտնվող թոռներ: Ինքներս ենք ընտրել այդ քաղաքացիներին՝ տնետուն այցելելով»:

 

Lurer.com-ի հետ զրույցում Մարությանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց կամավորներ Հայկին, Արմանին, Խաչիկին, Թեհմինեին և Ալլային' ծրագրին իրենց անգնահատելի և սրտացավ աջակցության և անշահախնդիր մասնակցության համար: