Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի գազի գնի ձևավորման ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու նախագծին: Քաղաքական մեծամասնության համոզմամբ՝ իշխանական խմբակցությունների կողմից բարձրացված խնդիրը քննարկելու այդ հնարավորություններ կան: Այս դիրքորոշումն է հնչեցրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից: «Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին, քանի որ հանձնաժողովի ստեղծումը նպատակահարմար չէ: Բարձրացված հարցերը կարելի է պարզել այլ ճանապարհներով: Մեր ոչ իշխանական խմբակցություններին ես կոչ եմ անում չմոլորեցնել մեր հասարակությանը»,- նշեց Մինասյանը:
Մինասյանի կարծիքով, գազի գնի հետ կապված բոլոր հարցերը կարելի է քննարկել՝ կազմակերպելով խորհրդարանական լսումներ: «Բոլորդ գիտեք, որ մեզ մոտ խորհրդարանական լսումները լիբերալ են, և շատ այլ երկրների նման միայն պատգամավորները չէ, որ կարող են ելույթ ունենալ, այլ մասնագետները, ովքեր կարող են պատասխանել բոլոր հուզող հարցերին»,- նշեց նա՝ կոչ անելով կազմակերպել խորհրդարանական լսումներ, հրավիրել մասնագետների և ուսումնասիրել բոլոր հուզող հարցերը: Մինասյանի խոսքով, բոլոր նրանք, ովքեր մտահոգված են գազի խնդիրներով, կարող են հարցեր ուղղել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, ով այսօր ելույթ է ունենալու Ազգային ժողովի ամբիոնից:
Գագիկ Մինասյանը նշեց, որ այս բոլոր տարիների ընթացքում պետությունը և կառավարությունը քայլեր են ձեռնարկել սպառողին և տնտեսվարողներին գազը մատչելի պայմաններով հասցնելու համար: «Դրա արդյունքը վերջերս կնքված հայ-ռուսական գազային համաձայնագիրն էր, որն ուղղված է մեր շարքային քաղաքացիների հանապազօրյա խնդիրների լուծմանը և մեր տնտեսության կայուն զարգացմանը»,- նշեց նա:
Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները նախագիծ են ներկայացրել ԱԺ քննարկմանը, որով առաջարկում են գազի գնի հետ կապված խնդիրների ուսումնասիրության հանձնաժողով ստեղծել: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ հանձնաժողովի հիմնական խնդիրն է լինելու ուսումնասիրել, թե երբ է կուտակվել գազի գնի դիմաց 300 միլիոն դոլարի պարտքը և որոնք են գազի մեծածախ և մանրածախ գների շոշափելի տարբերության պատճառները: