Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը դեմ կքվեարկի խորհրդարարանում գազի հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծին: Այս մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Միգուցե մասնակցենք հանձնաժողովի աշխատանքներին: Մենք կքննարկենք հարցը՝ կունենա՞նք հանձնաժողովում ներկայացուցիչ, թե ոչ»,-  նշեց Հակոբյանը: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դեմ քվեարկելու որոշումը պայմանավորված է նրանով, որ հանձնաժողովի հետ կապված իրենց առաջարկները չեն ընդունվել: Նրա խոսքով՝ նման հանձնաժողովներում կարևոր դեր պետք է ունենան ընդդիմության ներկայացուցիչները, այնինչ, քաղաքական մեծամասնությունը չի ցանկանում, որպեսզի ընդդիմությունը լուրջ դերակատարում ունենա ձևավորվելիք հանձնաժողովում: «Մենք առաջարկել ենք, որպեսզի հանձնաժողովի նախագահը լինի ընդդիմությունից: Իհարկե չենք կասկածում, որ Դավիթ Հար ությունյանը արդյունավետ կղեկավարի հանձնաժողովը, սակայն հանձնաժողովի նախագահի պարտականությունները կարող են հաջողությամբ կատարել Արծվիկ Մինասյանը, Հրանտ Բագրատյանը, Թևան Պողոսյանը և մնացած ընդդիմադիրները»,- նշեց նա:

 

Նախորդ քառօրյայի ընթացքում «Հանրապետական» մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի նախագծին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության էր հրավիրել: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել է ՀՀԿ խմբակցության առաջարկը՝ խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու մասին: