ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության է հրավիրել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը ներկայացրել է խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ խմբակցության առաջարկը: «Մենք Ազգային ժողովում գազի հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկ ենք ստացել, որը պետք է խմբակցություններում քննարկենք և արտահայտենք մեր դիրքորոշումը»,- նշեց Հակոբյանը:

 

Նախորդ քառօրյայի ընթացքում հանրապետական մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի նախագծին: Չորս խմբակցություններն առաջարկում էին հանձնաժողովի շրջանակում ուսումնասիրել, թե երբ է կուտակվել գազի գնի դիմաց 300 միլիոն դոլար պարտքը և որոնք են գազի մեծածախ և փոքրածախ գների շոշափելի տարբերության պատճառները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հետագայում անդրադառնալ ոչ իշխանական 4 ուժերի առաջարկին և նրանց կողմից բարձրացված հարցերին: