Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության առաջարկով խորհրդարանում ձևավորվելիք գազի հանձնաժողովը կքննարկի բոլոր այն խնդիրները և տարաձայնությունները, որոնց մասին բարձրաձայնում էին ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ հանձնաժողով ստեղծելու մասին իրենց նախագծում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: «Մենք պատրաստ ենք բաց և հրապարակային քննարկել գազի հետ կապված այն բոլոր հարցերը, որոնք ենթակա են քննարկման և որոնց մասին բարձրաձայնում էին մեր ընդդիմադիր գործընկերները»,- նշեց Սահակյանը:
Հարցին, թե ինչու ՀՀԿ-ն դեմ քվեարկեց գազի հանձնաժողով ստեղծելու նախագծին, որը ներկայացրել էին խորհրդարանի ոչ իշխանական 4 խմբակցությունները, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր պատկերացումներն ունի: «Եթե Ազգային ժողովում իրականացվում է որևէ գործընթաց, ՀՀԿ-ն՝ որպես իշխող ուժ, պետք է որոշակի մասնակցություն ունենա այդ գործընթացին, իսկ մենք տեսանք, որ մեր ընդդիմադիր գործընկերները ձմեռային հանգստից հետո ներկայացրեցին այդ նախագիծը»,- նշեց Սահակյանը:
Հանձնաժողովը կունենա անհրաժեշտ լիազորությունները, որպեսզի քննարկի բոլոր հուզող հարցերը և տա դրանց պատասխանները: Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ հանձնաժողովը կունենա ավելի մեծ լիազորություններ, քան այն, որ առաջարկում էին ստեղծել ոչ իշխանական ուժերը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության է հրավիրել: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել է ՀՀԿ խմբակցության առաջարկը՝ խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու մասին: Խմբակցություններն առաջիկայում պետք է քննարկեն և իրենց դիրքորոշումն արտահայտեն առաջարկի վերաբերյալ:
Նախորդ քառօրյայի ընթացքում «Հանրապետական» մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի նախագծին: Չորս խմբակցություններն առաջարկում էին հանձնաժողովի շրջանակում ուսումնասիրել, թե երբ է կուտակվել Ռուսաստանի հանդեպ գազի գնի դիմաց 300 միլիոն դոլար պարտքը և որոնք են գազի մեծածախ և փոքրածախ գների շոշափելի տարբերության պատճառները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հետագայում անդրադառնալ ոչ իշխանական 4 ուժերի առաջարկին և նրանց կողմից բարձրացված հարցերին: