Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը որպես աշխատանքային գործիք կիրառելու է որակի ապահովման էլեկտրոնային համակարգը: Էլեկտրոնային ավտոմատացված տեղեկատվական-վերլուծական երկլեզու (հայերեն և անգլերեն) առցանց պորտալը մշակվել և ներդրվել է ճարտարագիտական համալսարանի և «Սիներջի Ինտերնեյշնլ Սիստեմս» ընկերության համատեղ աշխատանքային խմբի կողմից՝ Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապ ատասխանություն» ծրագրի դրամաշնորհով:
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն ընդգծել է, որ այն, որպես աշխատանքային գործիք, այսուհետ բուհում կրթական գործընթացի իրականացման անբաժան մասն է լինելու: «Շուրջ մեկ տարի տևած անդուլ աշխատանքի արդյունքում շահագործման է հանձնվում Հայաստանի բուհական համակարգում իր նմանօրինակը չունեցող որակի ապահովման էլեկտրոնային պորտալ, որի գոյությունը պատիվ կբերի միջազգային հավատարմագրում անցնող և զարգացման հավակնոտ ծրագրեր ունեցող ցանկացած բուհի:
Բազմաբովանդակ, ժամանակակից տեխնոլոգիաներով և ճկուն ճարտարապետական նախագծմամբ աչքի ընկնող այս համակարգ-գործիքամիջոցը ստեղծվել է բուհի մի շարք աշխատակիցների և «Սիներջի Ինտերնեյշնլ Սիստեմս» ընկերության բարձրակարգ մասնագետների համատեղ ուժերով, ովքեր, անկախ պայմանագրում ներառված իրենց պարտականություններից, արել են առավելագույնը, երբեմն, անհնարինը' հսկայածավալ պորտալը սահմանված ժամկետում և որակով ստեղծելու համար»,- ասել է ռեկտորը: