azatutyun.am Մաքսային միություն մտնելու Հայաստանի իշխանությունների որոշումից հետո Եվրոպական խորհրդարանը կոշտացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում՝ փորձելով ոչ հայանպաստ ձևակերպումներով հայտարարություն ընդունել։

 

Մասնավորապես, անցած շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ եվրոպացի պատգամավորները Ղարաբաղի հարցում ոչ հայանպաստ ելույթներ են ունեցել՝ մեղադրելով Հայաստանին խնդրի կարգավորման հարցում առաջընթաց չարձանագրելու համար։

 

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ եվրոպացի խորհրդարանականները անգամ Հայաստանին մեղադրել են Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներ չանելու համար:

 

«Կարծես ադրբեջանական տեսակետ հայտնեին՝ չկա որևէ առաջընթաց հինգ տարում, հինգ տարում որևէ բան ինքներդ չեք արել, որևէ միակողմանի զիջումների չեք գնացել, և ժամանակն է եկել Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան փոխելու Եվրամիությունով, իսկ Հայաստանը չի համաձայնում։ Եվ հասկանալի էր, որ իրենք կարծես որևէ բացատրություն չէին էլ ցանկանում լսել, ամենահետաքրքիրը դա էր»,- ասաց Պողոսյանը։

 

Ուշագրավ է, որ երբ հայկական պատվիրակության անդամները փորձել են հակադարձել եվրոպացի խորհրդարանականների ելույթներին, նրանց պարզապես չեն լսել՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունեն: Հայկական պատվիրակության կազմում եղել են նաև ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը, իշխող Հանրապետականից հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և այլ պատգամավորներ։

 

«Ասացին, որ մենք ունենք հաջորդ հանդիպումը, կա ավելի այլ կարևոր հանդիպում, և քանի որ Ղարաբաղի ձևակերպումը չհամաձայնեցվեց, ժամանակը ավարտվեց, իրենք ձևակերպումը այնպես էր, որ նույնպես մեղադրանք էր դրվում գործընթացի բացակայության շրջանակներում, ինչը իրենք փորձում էին բացատրել, որ Ֆրանսիան պետք է փոխարինել Եվրամիությունով, եթե ուզում են, որ ԵՄ-ն ինչ-որ չափով օժանդակի։ Իրենք փորձում են ասել, որ չկա որևէ առաջընթաց, ինչը հիմք կծառայի ապագայում իրենց համար օգտագործելու, որ տեսեք, քանի որ դա համատեղ հայտարարություն է, հայկական կողմն էլ ունի դժգոհություններ։ Դա շատ նման է ադրբեջանական տեսակետին, որը միշտ ասում է, որ չկա այլ ֆորմատ, բայց եկեք դժգոհենք Մինսկի խմբից»,- ասաց Պողոսյանը։

 

Այն, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստն ավարտվել է առանց հայտարարության, Թևան Պողոսյանը տեղի ունեցածում տեսնում է նաև հայկական կողմի բացթողումը: Ընդդիմադիր պատգամավորի փոխանցմամբ, եթե հայկական պատվիրակությունը դիվանագիտական ճկունություն ցուցաբերեր, ապա Հայաստանի շահերը չոտնահարող հայտարարություն կընդունվեր:

 

Ի դեպ, պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը «Երկրի» հետ զրույցում նույնպես տեղի ունեցածում մեղավոր է համարել իշխող Հանրապետականի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանին:

 

«Իմ առաջին տպավորությամբ' մեր հանձնաժողովի ղեկավարը դերակատարում ունեցավ չստորագրման մեջ: Ինչ-որ տեղ նրա միանձնյա դիրքորոշման պատճառով այս ամենը տեղի ունեցավ»,- ասել է Վարդանյանը՝ պնդելով, որ Ղարաբաղի վերաբերյալ երեք դրույթ է եղել, որոնցից մեկն էր խնդրահարույց և հնարավոր էր չեզոքացնել:

 

Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առայժմ չի ցանկանում հակադարձել ընդդիմադիրների մեղադրանքներին՝ խոստանալով իր պարզաբանումներ ներկայացնել առաջիկայում հրավիրվելիք ասուլիսում: