ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի տրամադրել Երեմ Ղուկասյանին հասանելիք բնակարանը» հայտարարության պարզաբանմամբ: 

 

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետամուտ է ցանկացած քաղաքացու սոցիալական խնդիրների լուծմանը և իր իրավասությունների սահմաններում իրականացնում է գործառույթներ՝ պաշտպանելու քաղաքացիների սոցիալական իրավունքները:

 

Սկսենք նրանից, որ Երեմ Ղուկասյանը միայնակ տարեց չէ, նա ունի կին, որդիներ, սակայն ընտանիքի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով հայտնվել էր իր իսկ բնակության վայրի շենքի նկուղում: Սոցիալական աշխատողների կողմից կատարվել է կարիքի գնահատում և, ելնելով Ղուկասյանի հյուծված, անխնամ վիճակից, որոշում է կայացվել նրան բնակեցնել Նորքի տուն-ինտերնատում: Այստեղ ևս Ղուկասյանն աչքի է ընկել անհաշտ, կոնֆլիկտային պահվածքով, ինչի հետևանքով տնօրինությունը ստիպված նրան բնակեցրել է միայնակ՝ երկտեղանոց սենյակում:

 

Ինչ վերաբերում է Մարալիկի սոցիալական բնակարանային համալիրում բնակարան չտրամադրելուն՝ Երեմ Ղուկասյանը, նախնական համաձայնություն տալով (պայմանով՝ որ վերջնական պատասխան կտա տեղում պայմաններին ծանոթանալուց հետո), գրավոր հրաժարվել է Մարալիկում բնակվելուց:

 

Այսքանից հետո առնվազն տարօրինակ է Երեմ Ղուկասյանի իրավունքների խախտման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը՝ երբ նախարարությունը, որպես լիազոր մարմին, վերականգնել է նրա իրավունքները, տվել անհոգ ապրելու, տուն-ինտերնատի բնակչին առաջարկվող տարաբնույթ ծառայություններից օգտվելու հնարավորություն, առաջարկել սոցիալական բնակարան Մարալիկում (ինչի համար նա 2012թ. դիմել էր նախարարություն):

 

Առավել տարօրինակը, սակայն, այն է, որ այս ամբողջ պատմությանը Մարդու իրավունքների պաշտպանը քաջատեղյակ էր, նախարարությունն՝ ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բազմաթիվ գրությունների, տեղեկացրել է պաշտպանին Երեմ Ղուկասյանի խնդրի, լուծման առաջարկվող ուղիների, նաև՝ Մարալիկում բնակարան առաջարկելու և նրա՝ բնակարանից հրաժարվելու մասին:

 

Այսքանից հետո հարց է առաջանում. ժամանակը չէ՞ արդյոք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պաշտպանի տուն-ինտերնատի մյուս բնակիչների, ինտերնատի տնօրինության, նախարարության այն աշխատակիցների իրավունքները, որոնք ստիպված են անընդհատ զբաղվել Երեմ Ղուկասյանի' օրեցօր ավելացող քմահաճույքները բավարարելով, անհաշտ բնավորության պատճառով պարբերաբար առաջացող կոնֆլիկտները լուծելով, Ղուկասյանի անհիմն բողոքների վերաբերյալ տարբեր ատյաններին պարբերաբար պարզաբանումներ ներկայացնելով»: