Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերից զանգվածային հրաժարականները ավելի լայն թափ են ստացել: Այս մասին հայտնում է «Հաբերլեր» լրատվական կայքը:

 

Այսօր ԱԶԿ-ից դուրս գալու մասին հայտարարել են կուսակցության Սեֆերհիսարի շրջանի բաժանմունքի ղեկավար Ումիթ Ջինգյոզը և ևս 400 անդամներ:

 

Ումիթ Ջինգյոզը լրագրողներին հայտնել է, որ կուսակցությունից իրենց հեռանալու պատճառն այն է, որ ԱԶԿ ղեկավարությունը վերջին շրջանում որդեգրել է «մարդուն արհամարհելու մոտեցում»: Նա նշել է, որ իր հետ ԱԶԿ շրջանային կառույցի ղեկավար կազմից դուրս են եկել 14 հոգի, իսկ կուսակցության կազմից` 400 հոգի:


Թուրքական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԶԿ-ից հեռանալու մասին այսօր հայտարարել են Գյոլբաշի նախկին քաղաքապետ Ռամազան Շիմշեքը և կուսակցության ևս 900 անդամներ: ԱԶԿ արդեն նախկին անդամները հայտարարել են, որ այդ քայլին դիմել են կուսակցության վարչական խորհրդի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: