Փետրվարի 19-ին նշվում է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 145-ամյա հոբելյանը: Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը բանաստեղծի մասին անցյալ ժամանակով չի խոսում: Համոզված է, որ Թումանյանը կենդանի է բոլորիս սրտերում, և բանաստեղծին հանդիպելիս անպայման կասեր.«Ինչ լավ է, որ դու կաս»:Եւ սա ներկա ժամանակով կասեի, որովհետև նա իսկապես կա, և մենք ինչ բախտավոր ենք, որ Թումանյան ունենք»:

 

Հովհաննես Թումանյանի թանգարանը ամբողջ 2014 թվականի ընթացքում կանցկացնի մի շարք միջոցառումներ' նվիրված բանաստեղծի հոբելյանին:

 

«Միջոցառումներով հարուստ տարի է սպասվում: Թումանյանին նվիրված տոնակատարությունները կմեկնարկեն փետրվարի 19-ին' գրողի ծննդյան օրը: Կկատարվի տնօրհնեքի արարողություն: Չէ՞ որ սա հենց Թումանյանի տունն է, որպեսզի մեր գործն ուղիղ լինի, նախ հարկավոր է օրհնություն ստանալ: Տնօրհնեքից հետո նախատեսված է իրականացնել այլ միջոցառումներ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նարինե Թուխիկյանը:

 

Այսօր գրողի տիկնոջ' Օլգա Թումանյանի սենյակը բաց կլինի այցելուների համար: Թուխիկյանը փաստեց, որ այն չի բացվում, և այցելուն չի կարող այնտեղ մուտք գործել, սակայն տարվա մեջ ընդամենը երկու օր' Թումանյանի ծննդյան և մահվան օրերին մարդկանց հնարավորություն է ընձեռվում տեսնել սենյակը:

 

«Մարդիկ կկարողանան նաև մի թաս գինի խմելով' կենաց ասել Թումանյանի պատվին, շնորհավորել նրան: Այնուհետև մենք կընտրենք նաև լավագույն կենացը»,- նշեց Թուխիկյանը:

 

Մանուկներին կներկայացվի Թումանյանի անձնական գրադարանի հեքիաթներից մեկը' «Կոշկակարն ու թզուկը»: Այս գիրքը բանաստեղծը գնել է իր երեխաների համար և պահել իր գրադարանում:

 

«Թանգարանի նախաձեռնությամբ ստեղծվել է մի մատենաշար, որը կոչվում է «Թումանյանի անձնական գրադարանի մանկական գրքերը»: Մատենաշարի շրջանակում արդեն հրատարակել ենք Թումանյանի գրադարանի երկու մանկական գրքեր: Նախ' եվրոպական հեքիաթներ պարունակող «Ութ հեքիաթ» ժողովածուն, որ առաջին անգամ տպագրվել է 1914- ին Կոստանդնուպոլսում, ընդ որում' արևմտահայերեն: Բացի այդ, հրատարակել ենք մի գերմանական հեքիաթ, որը կոչվում է «Ձյունեղեն երազը»: Այս գրքերը կներկայացվեն հոբելյանի ընթացքում»,-նշեց Նարինե Թուխիկյանը:

 

Թանգարանի տնօրենն ընդգծեց, որ նախատեսված է նաև օրվա ընթացքում կազմակերպել վիկտորինաներ, ներկայացումներ:

 

Թումանյանի ծննդյան օրն արդեն վեցերորդ տարին նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Թանգարանը ևս անմասն չի մնա Գիրք նվիրելու օրվան նվիրված տոնակատարություններից: «Փաթեթներով գրքեր ենք պատրաստել, որոնք կուղարկենք Տավուշի սահմանամերձ գյուղերի գրադարաններ: Նվիրելու ենք մեր հրատարակած 12 անուն գրքերը, ինչպես նաև այլ գործեր»,- ընդգծեց Թուխիկյանը:

 

Տարվա ընթացքում նախատեսված է կազմակերպել նաև բացօթյա համերգ, հրատարակել ալբոմ' Թումանյանի լուսանկարներով, ինչպես նաև թանգարանի ուղեցույց' մանուկների համար: Թուխիկյանը հույս ունի ստեղծել նաև նոր ֆիլմաշար' Թումանյանի գրադարանի վերաբերյալ:

 

«Թումանյանի ծննդյան օրերից ամենաշատը տպավորվել է 140-ամյա հոբելյանը: Այս տարին պետք է ավելի հետաքրքիր լինի, որովհետև հոբելյան նշելու փորձ ունենք: Թեպետ Թումանյանը չի սիրել հոբելյաններ»,-եզրափակեց Նարինե Թուխիկյանը:

 

1953 թ. ապրիլին ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով կառուցվել է Երևանում Հովհ.Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը' Հովհ. Թումանյանի բացառիկ և բազմաբնույթ անձնական գրադարանը' մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը:
Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում Õ § «Անուշ» օպերայից հատվածներով:

 

 

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը