Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջանում հակակառավարական ուժերի կազմում կռվող ադրբեջանցի եւս 27 մոջահեդ է ոչնչացվել: Համացանցում այդ փաստի վերաբերյալ նոր տեսանյութեր են հրապարակվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վակայակոչելով APA լրատվական գործակալությունը' հղում կատարելով Սիրիայում կռվող զինված խմբավորումների կայքերին, տեսանյութերում ցուցադրվում են սպանված 27 ադրբեջանցիների լուսանկարները: Թեեւ նրանցից մի քանիսի մահվան մասին ադրբեջանական մամուլում արդեն հրապարակումներ եղել են, սակայն, նրանց մեծ մասի վերաբերյալ մինչ այժմ տեղեկություններ չեն հաղորդվել:

 

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014թ. ընթացքում սպանված, Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն գերազանցում է 50-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

 

Բացի այդ, այս տարվա ընթացքում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի զինվորները ոչնչացրել են ադրբեջանցի 4 մոջահեդի:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում է Ադրբեջանի 250-ից ավելի քաղաքացի, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել է 100-ից ավելի ադրբեջանցի: 2013թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: Ադրբեջանի օրենսդրությամբ' Ադրբեջանի պաշտոնական կառույցներին չենթարկվող ցանկացած օտարերկրյա զինված ջոկատում երկրի քաղաքացիների մասնակցությունը ծանր քրեական հանցագործություն է եւ որակվում է որպես վարձկանություն: