Սիրիայում ոչնչացվել է ադրբեջանցի մոջահեդների «Քոթիբեթուլ Ազերբայջան» գումարտակի հրամանատար Մուսա ալ Ազերին, ով «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կռվում էր Սիրիայի կառավարական ուժերի դեմ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ANSPRESS լրատվական գործակալությունը:

 

Ադրբեջանի քաղաքացի մոջահեդ հրամանատարը սպանվել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական խմբավորման» վերահսկողության տակ գտնվող Ռաքքա նահանգում «Քոթիբեթուլ Ազերբայջան» գումարտակի եւ PYD խմբավորման միջեւ տեղի ունեցած բախումների ժամանակ:

 

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թջվը հասել է 90-ի: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 500-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: