Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ իսլամիստ ահաբեկիչների' «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու դեպքերը գնալով ավելանում են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, վերջին օրերին Սիրիայում ոչնչացվել է Ադրբեջանի Զարդաբի շրջանի բնակիչ Ռամին Աղասաֆ օղլու Աբդուլլաեւը (ծնվ. 1982 թ.): Այս մասին լրատվական գործակալությանը հայտնել են վերջինիս ընտանիքի անդամները' ներկայացնելով լուսանկար, որում նա պատկերված է մահացած: Ռ. Աբդուլլաեւը թաղվել է Սիրիայում:
Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցնում է հարյուրից:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայով Սիրիա եւ Իրաք անցնելու փաստը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ' հանուն հավատի) կատարել Սիրիայում եւ Իրաքում: