Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննել է թուրքական ազգայնականության զոհ դարձած, Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի ներկայացրած հայցը, եւ, անբավարար համարելով ներկայացված տեղեկություններն ու փաստաթղթերը, որոշում է կայացրել լրացուցիչ տեղեկություներ պահանջել համապատասխան մարմիններից:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Դինքի ընտանիքի փաստաբանների ներկայացրած դատական հայցում պահանջվում է պատասխանատվության ենթարկել Դինքի սպանության ծրագրման մասին իմացած, Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքին եւ այլ բարձրաստիճան ոստիկիանների: Այդ ոստիկանների դեմ դատական գործ հարուցելու համար փաստաբանները ՍԴ են ներկայացրել Թուրքիայի նախագահի վերահսկիչ պալատի զեկույցը եւ սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելի վկայությունները:
Հայցում Դինքի ընտանիքի անդամները նշել են, որ սպանության գործով արդյունավետ հետաքննություն չի իրականացվել եւ կատարված հետաքննության մասին իրենց տեղեկություններ չեն հաղորդվել: ՍԴ ներկայացրած հայցով Դինքի ընտանիքը 500 հազար լիրա բարոյական փոխհատուցում էր պահանջել: Հրանտ Դինքը Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրատան մոտ սպանվել է 2007թ. հունվարի 19-ին: