Ուկրաինայի ՆԳ նախարարության եւ Անվտանգության ծառայության գործունեության նկատմամբ հսկողության գծով Գերագույն ռադայի լիազոր ներկայացուցիչներ Արսեն Ավագովը եւ Վալենտին Նալիվայչենկոն փետրվարի 24-ին «կարճատեւ աշխատանքային ուղեւորություն» են կատարել Սիմֆերոպոլ, տեղեկացնում են Ղրիմի ԶԼՄ-ները:

 

«Երկիրը վերադառնում է խաղաղ երկխոսության հուն: Այստեղ շատ կարեւոր է սադրանքներ թույլ չտալը: Իրադրությունն այնպիսին է, որ կարեւոր է՝ չկրկնվի այն դիմակայությունը, որը տեղի ունեցավ Կիեւում: Կարծում եմ, որ մենք խաղաղ երկխոսության ճանապարհով կկարողանանք ամեն ինչ բերել հանգիստ վիճակի»,- հայտարարել է Ավագովը:

 

Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սա Ուկրաինայի ուժային կառույցների նոր ղեկավարության առաջին այցն է երկրի տարածաշրջաններ: Այն կատարվել է Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, որտեղ փետրվարի 23-ին Սեւաստոպոլում կայացած հանրահավաքի մասնակիցները տարերայնորեն վերընտրել են քաղաքագլխին եւ պահանջել ինքնավարության միացումը Ռուսաստանին: