Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները:

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այս խոսքերին' «ղալաթ են անում»: Նշենք, որ նման արձագանք նախարարը տվել էր' անդրադառնալով այն հարցին, որ չորս քաղաքական ուժերը պատրաստվում են կառավարությանն անվստահություն հայտնել:

 

«Արդարադատության նախարարն իրեն թույլ է տալիս չորս քաղաքական ուժերի հասցեին ասել «ղալլաթ են անում»: Սա աննախադեպ իրավիճակ է, որովհետև մի կողմից Արդարադատության նախարարն է, ով ոչ միայն պետք է հարգի Սահմանադրությունը, այլև պարտավոր է պաշտպանել Սահմանադրական նորմերը: Մյուս կողմից էլ չորս քաղաքական ուժերը ներկայացնում են 53 պատգամավոր, իսկ եթե հաշվենք համամասնական ընտրակարգով, ապա մեծամասնությունն են: Վիրավորում է, ըստ էության, ամբողջ Ազգային ժողովին և քաղաքական ուժերի հետևում կանգնած ժողովրդին:

 

Նախարարը երևի այդ բաները լավ չի հասկանում, կամ վերջում սկսել է հասկանալ, որ սխալ է վարվել և սկսել է բացատրել, որ «ղալաթ» բառը արաբերեն նշանակում է սխալ են անում»,- ասաց Ռուստամյանը:

 

Վերջինիս խոսքով՝ նախարարն իր սխալն ընդունելու փոխարեն հարցն ավելի է խորացնում: «Եթե այդ տրամաբանությամբ ենք, բառավարաններով պետք է որոշենք' ով ինչ է ասում, մենք էլ այդ բառերին տիրապետում ենք և իրեն ասենք, օրինակի համար, «Ղալաթ ես անում, չաթլախ», թող չնեղանա»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Վերջինիս ի պատասխան' Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես իհարկե ցավում եմ ձևակերպումների համար: Շատ վատ երևույթ է: Ես ձեզ կոչ կանեի, եթե այդպես է' չպատասխանեք, մենք իհարկե դատապարտում ենք յուրաքանչյուր նման վիրավորանք, որը կհնչեցվի պատգամավորի, կառավարության ներկայացուցչի կողմից: Մեզ հարիր չէ նման քննարկումներ կազմակերպել ԱԺ-ում»: