Համահայկական առաջին ձմեռային խաղերին Արցախի ներկայացուցիչները մեծ սպասելիքներ ունեն և ուրախ են հերթական համահայկական մարզական տոնի առթիվ: «Մենք այս խաղերից շատ սպասելիքներ ունենք: Առաջինը, որ շատ եմ կարևորում' այսքան հայերի միավորված եմ տեսնում այստեղ' ձմռան գրկում, սա մեծ տոն է: Այս խաղերը հնարավորություն են տալիս երիտասարդներին փայլելու և ցույց տալու իրենց շնորհալի կողմերը: Ես հույս ունեմ, որ մեր մարզիկին' Մհերին, տեսնելով մյուս մարզիկները կոգեշնչվեն (Մհերը հաշմանդամ դահուկորդ է)»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի միակ ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանի գլխավոր մարզիչը' Տիգրան Դուրգարյանը:
Մի քանի օրից' մարտի 4-ին Սոչիում մեկնարկող Պարաօլիմպիկ խաղերին Հայաստանը, ի թիվս այլ մարզիկների, կներկայացնի նաև Մհեր Ավանեսյանը: Սա նրա 5-րդ խաղերն են: «Այս խաղերը կարևոր են Մհերի համար, սա նաև նրա համար «ստուգողական մարզում է» սրանից նաև կարող ենք դասեր քաղել, Սոչիին նախապատրաստվելու համար»,-եզրափակեց մարզիչը:
Դիմելով մյուս մասնակիցներին' ԼՂՀ ներկայացուցիչն ասաց. «Թող սիրեն մեր Հայրենիքը, թող հաճախակի գան, և, վերջապես ընտանիք կազմեն այստեղ: Պետք է սովորենք հասկանալ և ներել միմյանց»:
ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը ևս մեծ սպասելիքներ ունի թե այս խաղերից և թե Արցախի ներկայացուցիչ Մհերի ելույթներից: «Բոլոր մասնակիցներին ցանկանում եմ, որ հաջողություններ ունենան երկու բնագավառներում' անձնական և մարզական»,-ավելացրեց Առաքելյանը:
Համահայկական խաղերը կշարունակվեն մինչև մարտի 2-ը: Այնուհետև ձմեռային մարզաձեւերի սիրահարների ուշադրությունը կսևեռվի Սոչիի Պարալիմպիկ խաղերի վրա, որտեղ կխաղարկվեն մեդալների 72 հավաքածուներ: Պարալիմպիկ խաղերը կմեկնարկեն մարտի 7-ին և կեզրափակվեն մարտի 16-ին: