ԱՄՆ հայ համայնքի ակտիվիստները փետրվարի 24-ին բողոքի ցույց են արել Լոս Անջելեսի ադրբեջանական հյուպատոսարանի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հավաքվածները դատապարտել են 1988 թվականի Սումգայիթյան ջարդերը և 2004 թվականին Բուդապեշտում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունն ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից:

 

Ցույցի մասնակիցներից Դավիթ Առաքելյանը քննադատել է ադրբեջանական կառավարությանը կացնով մարդ սպանածին հերոսացնելու ու փառաբանելու և Սումգայիթյան կոտորածները կազմակերպելու համար. դրան հաջորդել էին հայերի զանգվածային կոտորածները Կիրավաբադում, Բաքվում, Շահումյանում, Գետաշենում և Մարտունաշենում: Նա նաև կշտամբել է միջզգային հանրությանը' ցուցաբերած անտարբերության և լռության համար, որից խրախուսվելով' Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ:

 

Բողոքի ցույցը կազմակերպել էր Երիտասարդ միավորված հայեր կազմակերպությունը: Թե Սումգայիթի հայության' կանխամտածված և ադրբեջանական պետության կողմից հովանավորված կոտորածները, թե ադրբեջանցի մարդասպանի անհատական վրեժխնդրությունը, ով հետո հերոսացվեց այդ ժողովրդի կողմից, ցույց են տալիս, որ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս:

 

1988 թ. փետրվարի 26-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեց տասնյակ և սպանվեց 53 մարդ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման արդյունքում' Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակ վեց հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածներին, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ: Հայերի 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը' առնվազն կես միլիոն մարդ:

 

Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր իրացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը: