Ավստրալահայ համայնքի անդամները ապրիլի 2-ին բողոքի խաղաղ ցույցեր կանցկացեն Սիդենեյ քաղաքի թուրքական հյուպատոսարանի շենքի դիմաց' Քեսաբի հայ համայնքին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է Ավստրալիայում լույս տեսնող «Արմենիա» շաբաթերթը:

 

Սիդնեյում կայանալիք բողոքի ակցիայով Ավստրալիայի հայ համայնքը միանում է աշխարհի համայն հայությանը դատապարտելու թուրքական գործողությունները և հարձակումները սիրիական Քեսաբ քաղաքի վրա, որ 1915 թվականին հայերի դեմ ուղղված ցեղասպան քաղաքակնության շարունակությունն են:

 

«Սա կարևոր հնարավորություն է ավստրալիահայ համայնքի համար' հրապարակայնորեն իրենց համերաշխությունը հայտնելու Քեսաբի հայ համայնքին: 1915 թվականին Օսմանյան կայսրության թուրք ղեկավարները կազմակերպեցին և իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը և այսօր' 21-րդ դարում, ժամանակակից Թուրքիայի կառավարությունը նույն քաղաքականությունը շարունակում է Սիրիայի հայերի դեմ»,- նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

 

Իսկ Ավստրալիայի հայկական երիտասարդական դաշնության խոսնակ Արամ Թուֆենկջյանը նշել է. Այսօր մենք կոչ ենք անում բոլոր հայերին' երիտասարդ թե ծեր, միանալ Թուրքիային պատասխանատվության կանչելու այս կարևոր ակցիային»:

 

Քեսաբի գրավումը դատապարտել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը' ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ով «Թվիթեր» միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին' խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: «Խնդրում եմ պարզեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Քեսաբում: Անմեղ քրիստոնյաներին, հայերին թուրքերը սպանում են»,- գրել է երգչուհին: Կոչերից անմասն չի մնացել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել է Քեսաբի փրկության համար ամենատարածված հեշթեգը' #SaveKessab: Հայկական ծագումով ամերիկացի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը թվիթերյան միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google–ո ւմ. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:

 

#SaveKessab հեշթեգը վերջին օրերին լայնորեն տարածվել է սոցցանցերում' միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ ողբերգական իրադարձությունների վրա: