Այսօր Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ բռնցքամարտի Հայաստանի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Հիշեցնենք, որ մեծահասակների Հայաստանի առաջնությունում մեդալներ կխաղարկվեն 10 քաշային կարգերում' 49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ և +91կգ:
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը կավարտվի մարտի 2-ին: Բոլոր քաշային կարգերում եզրափակիչ մենամարտերը կկայանան մարտի 2-ին:
Մրցաշարի բոլոր հաղթողները տեղ կզբաղեցնեն Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում:
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը նշեց, որ առանց ազգային առաջնությանը մասնակցելու, այլևս ոչ մի մարզիկ չի ընդգրկվի Հայաստանի հավաքականի կազմում:
Նա նշեց հայկական բռնցքամարտի որոշ բարդությունները՝ պրոֆեսիոնալ կադրերի պակասը և գործող մասնագետների որակավորման խնդիրը, մրցակցության պակասը մարզիկների միջև, մարզադպրոցների ոչ միշտ արժանի որակի աշխատանքները և այլն:
Խոսելով միջազգային մրցումներին մասնակցելու մասին' Գևորգյանը մասնավորապես կարևորեց ապրիլին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ խաղարկվելու են նաև 2014 թվականի օգոստոսի 16-27-ը Չինաստանում կայանալիք պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի ուղեգրերը:
Պատասխանելով Հայաստանի կանանց բռնցքամարտի առաջնության կազմակերպման մասին հարցին' նա նշեց, որ դա անիմաստ է մարզուհիների սակավության պատճառով, բայց նրանցից լավագույններին հնարավորություն կընձեռվի մասնակցել միջազգային մրցումներին: