Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է ԱՄՆ-ից Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանի խոսքով, կարելի է հասնել ԱՄՆ-ից Գյուլենին արտահանձնելուն, ով միջամտում է Թուրքիայի ներքին գործերին' օժանդակելով երկրում իրավիճակի ապակայունացմանը: Թուրքական ATV հեռուստաալիքով ելույթում Էրդողանը հայտնել է, որ այդ հարցով հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ով չի բացառել նման հնարավորությունը: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ ասել էր, որ Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ կարող է միջազգային որոնում հայտարարվել:
Թուրքիայի ԶԼՄ-ները փետրվարի 25-ին տեղեկատվություն են տարածել այն մասին, որ 2011 թ-ին Ստամբուլի ոստիկանության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ հակաահաբեկչական գործողության շրջանակում լսվել են թե իշխող, թե ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների հետ կապված մոտ 7 հազար մարդկանց հեռախոսային խոսակցությունները: Հակաահաբեկչական գործողության շրջանակում լսվել են նաեւ թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հեռախոսային խոսակցությունները:
Դրանից հետո Էրդողանը Գյուլենին մեղադրել է այն բանում, որ հենց նրա գլխավորած շարժման ներկայացուցիչներն են կանգնած այդ հեռախոսային խոսակցությունների լսումների հետեւում:
Էրդողանը նաեւ նշել է, որ Գյուլենի շարժումը, որը նա ավելի վաղ «զուգահեռ կառույց» էր անվանել, իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ հանդիսանում է ոչ թե կրոնական հոսանք, այլ քաղաքականացված եւ ապօրինի կառույց: Ավելի վաղ Էրդողանը Ֆեթուլլահ Գյուլենին կոչ էր արել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին եւ մեղադրել նրան ԱՄՆ-ին պաշտպանելու մեջ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդի անդամ Մազհար Բաղլըն ավելի վաղ նշել էր, որ Ֆեթուլլահ Գյուլենի եւ նրա կողմնակիցների գործողություններն ուղղված են երկրÕ « ազգային շահերի վնասմանը:
Ֆեթուլլահ Գյուլենը հանդիսանում է «Հիզմեթ» հասարակական շարժման, ինչպես նաեւ Թուրքիայի գրողների եւ լրագրողների հիմնադրամի հիմնադիրը:
Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: