Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կայսերի (Կեսարիա) կատարած այցին տեղական բնակչության հետ հանդիպման ժամանակ խոսել է օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից: Նա հավատ է հայտնել, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուակցության (ԱԶԿ) թեկնածուն կհաղթանակի ընտրությունների առաջին իսկ փուլում:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, ելույթում Էրդողանը խոսել է անցյալ դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցած կռուպցիոն գործողություններից եւ իր մրցակիցներին, ինչպես նաեւ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել իր կառավարության դեմ գործողություններ կատարելու մեջ: «Նրանք մեզ թիկունքից խփեցին», -ասել է Էրդողանը:

 

Կայսերիից Յոզգաթ անցած Էրդողանը խիստ մեղադրանքներ է հնչեցրել Ֆեթուլլահ Գյուլենի հասցեին: Նա Գյուլենին կանչել է Թուրքիա: «Եթե մեղավոր չես, մեղք չես գործել, վերադարձիր Թուրքիա: Եթե սիրում ես Թուրքիան, եթե հայրենասեր ես, արի Թուրքիա», -ասել է Էրդողանը:

 

Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան առաջիկա օգոստոսի 10-ին: Եթե նախագահի թեկնածուներից ոչ մեկը ձայների 51 տոկոսը չհավաքի, օգոստոսի 24-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը: Ենթադրվում է, որ ԱԶԿ-ը նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածու կառաջադրի կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

 

Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին Ուրֆայում հայտարարել է, որ Էրդողանից նախագահ դուրս չի գա: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ հայտարարել է, որ «գողը չի կարող նախագահ ընտրվել»:

 

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք այլ երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: