Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է ԱՄՆ-ից Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանի խոսքով, կարելի է հասնել ԱՄՆ-ից Գյուլենին արտահանձնելուն, ով միջամտում է Թուրքիայի ներքին գործերին' օժանդակելով երկրում իրավիճակի ապակայունացմանը: Թուրքական ATV հեռուստաալիքով ելույթում Էրդողանը հայտնել է, որ այդ հարցով հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ով չի բացառել նման հնարավորությունը: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ ասել էր, որ Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ կարող է միջազգային որոնում հայտարարվել:
Թուրքիայի ԶԼՄ-ները փետրվարի 25-ին տեղեկատվություն են տարածել այն մասին, որ 2011 թ-ին Ստամբուլի ոստիկանության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ հակաահաբեկչական գործողության շրջանակում լսվել են թե իշխող, թե ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված մոտ 7 հազար մարդկանց հեռախոսային խոսակցությունները: Հակաահաբեկչական գործողության շրջանակում լսվել են նաեւ թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հեռախոսային խոսակցությունները:
Դրանից հետո Էրդողանը Գյուլենին մեղադրել է այն բանում, որ հենց նրա գլխավորած շարժման ներկայացուցիչներն են կանգնած այդ հեռախոսային խոսակցությունների լսումների հետևում:
Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնահասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: