Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսային զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որում մեղադրել է նրան արդի իսլամի գաղափարախոսության (նուրսիստների «Հիզմեթ Հարեքեթի» շարժում) առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին սատարելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Al Jazira Turk հեռուստաալիքը:

 

Ավելի վաղ Էրդողանը Գյուլենի շարժումն անվանել էր «զուգահեռ պետություն-կազմավորում»: «Զուգահեռ կազմավորումն ամեն հնարավոր բան անում է, որպեսզի երկրում իրականացնի իր արյունալի ծրագրերը», -ասել էր նա: Բացի այդ, դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն բացահայտումներից հետո, որոնց արդյունքում պարզվել է, որ դրանց մասնակից են թուրքական կառավարության անդամներ, նրանց մերձավորներն ու հայտնի գործարարներ, Էրդողանը հայտարարել է, որ այդ գործողությունների հետեւում կանգնած են գյուլենականները, որոնք փորձում են հեղաշրջում կատարել ու տապալել իր կառավարությունը:

 

Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում եւ Ադրբեջանում: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1998թ.-ին արտաքսվել էր Թուրքիայից, որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում:

 

Մինչ վերջերս Գյուլենի շարժումը համարվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարանը: Էրդողանի եւ Գյուլենի միջեւ հարաբերությունները սրվել են Իսրայելի հետ Թուրքիայի միջեւ հարաբերությունները «Մավի Մարմարա» նավի միջադեպի պատճառով երկու տարի առաջ լարվելուց հետո: Դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալից հետո բացահայտվել էր, որ խոշոր կոռուպցիոն գործարքներին մասնակից են նաեւ Էրդողանի կրտսեր որդին, փեսան եւ դուստրը: