Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ սեպտեմբերի 5-ին Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու պարագայում պահանջելու է նրանից Ֆեթուլլահ Գյուլենին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Դեռևս Բաքվից Ուելս մեկնելու ժամանակ' ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին' Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերներ են, որոնք մշտապես համագործակցել են ահաբեկիչներին հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում հանձնելու հարցում: «Կամ դրան (խմբ. Ֆեթուլլահ Գյուլենին) արտաքսեք, կամ մեզ հանձնեք: Եթե ասում է, որ մեղավոր չէ, թող գա, այստեղ ապրի: Եթե կառավարելու է, թող այստեղից կառավարի, եթե խառնվելու է քաղաքականությանը, թող այստեղից խառնվի»,- հայտարարել էր Էրդողանը:

 

Թուրքական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո հանդիպում կունենան Ուելսում: Սակայն ավելի ուշ ԶԼՄ-ները սկսեցին գրել այն մասին, թե հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է:

 

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում: Մինչ վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ. որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ: