Հայերն ու սերբերը վաղեմի, դարավոր ընկերներ են: Սերբիայում ապրում են հայեր, որոնց սերբ ժողովուրդը ընկալում է որպես հարազատի: Մարտի 10-ին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սերբիայի արտգործնախարար Իվան Մկրկիչը շեշտեց, որ Սերբիայի արտաքին քաղաքականությունը պետք է արտահայտի այս զգացմունքները: Իվան Մրկիչը նշեց, որ հարաբերությունների զարգացմանը կնպաստի նաեւ առաջիկայում Սերբիայի նախագահի այցը Հայաստան: Սերբիայի արտգործնախարարի խոսքերով' Երեւանում իրեն զգում է ինչպես «բարեկամի տանը» եւ շնորհակալ է ջերմ ընդունելության համար: «Մեզ անհրաժեշտ է իրավական-պայմանագրային դաշտ' համգործակցությունը զարգացնելու համար եւ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են» - նշեց սերբ նախարարը:

 

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով էլ սերբ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցեր: Նալբանդյանի ներկայացմամբ' առավոտյան կնքվել է կրկնակի հարկման բացառման համաձայանգիրը եւ այսպիսով երկրների միջեւ համաձայնագրերի թիվը դարձել է 6: Ըստ Նալբանդյանի' պայմանագրային-իրավական բազայի կատարելագործման տեմպերը դանդաղ են, սակայն կան շատ նախագծեր տարբեր բնագավառներում: «Հնարավոր համագործակցության բնագավառները շատ են' զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, բանկային գործը»,- ասաց Նալբանդյանը' հավելելով, որ մարտի 11-ին կկայանա հայ-սերբական գործարար համաժողովը, ինչը նույնպես կնպաստի երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու առեւտրաշրջանառությանը:

 

Սերբ նախարարը Հայաստանում գտնվում է պաշտոնական այցով: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Նախարարը կայցելի նաեւ Ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր: Մարտի 11-ին Երեւանում կկայանա հայ-սերբական գործարար համաժողով: