Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիր ստանալ սեպտեմբերին, վերջնական որոշումը կախված կլինի այն բանից, թե Ղրիմը հանրաքվեի արդյունքում կմտնի արդյոք Ռուսաստանի կազմ: Այդ մասին մարտի 12-ին գրել է «Կոմերսանտ» թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Վրաստանին այդ ծրագիրը կարող են տրամադրել ՆԱՏՕ-ի՝ սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում նախատեսվող գագաթնաժողովի ընթացքում, եթե Ղրիմը մտնի ՌԴ-ի կազմ: Ինչպես պարզաբանում է թերթը, խոսքը քաղաքական, տնտեսական, ռազմական եւ իրավական ոլորտների այն պայմանների ցանկի մասին է, որոնց կատարումից հետո երկիրն ընդունվում է դաշինք:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտում թերթի աղբյուրը հաստատել է, որ Վրաստանին դաշինքին անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրումը կախված է Ղրիմի հարցից:
Անցյալ տարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Վրաստանը 2015 թվականից կկարողանա միանալ դաշինքի հակազդման ուժերին: Հունվարին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը հույս ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր ստանալ դաշինքի 2014 թվականի գագաթնաժողովում: