ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը, սեպտեմբերի 7-ին այցով գտնվելով Թբիլիսիում, հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները դիտարկում Է Վրաստանին պաշտպանական զենքի մատակարարման հարցը: Հեյգելը նաեւ ողջունել է Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ի հատուկ գործընկերոջ կարգավիճակ ստանալը, ինչի մասին անցած շաբաթ որոշում է ընդունվել Հարավային Ուելսում դաշինքի գագաթնաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Թբիլիսիում գտնվելու ընթացքում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հանդիպումներ Է անցկացրել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի եւ երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Հեյգելը նաեւ այցելել Է Թբիլիսիի մերձակա Կրծանիսի ռազմաուսումնական կենտրոն:

 

«ԱՄՆ-ը դիտարկում Է Վրաստանին պաշտպանական զենք մատակարարելու հարցը: Մենք քննարկում ենք՝ ինչ կոնկրետ քայլեր են արվելու Վրաստանի պաշտպանունակությունն ապահովելու ուղղությամբ եւ համագործակցությունն ուժեղացնելու համար»,-մասնավորապես, հայտարարել Է Չաք Հեյգելը, նշելով, որ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ «քննարկվել է Վրաստանի կողմից ռազմական ուղղաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը»:

 

Պենտագոնի ղեկավարը խոստացել Է, որ ԱՄՆ-ը կզարգացնի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ: «Մենք անպայման կշարունակենք Վրաստանի հետ ռազմական համագործակցության խորացումը, հատկապես ՈՒկրաինայում Ռուսաստանի գործողությունների ֆոնի վրա»,-հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մամուլի ասուլիսում:

 

Հեյգելը նաեւ ողջունել Է Վրաստանի անցումը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր ձեւաչափին: «Վրաստանի՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկերոջ նոր կարգավիճակը նոր փուլ Է դաշինքին նրա անդամագրվելու համար»,-հավելել Է Հեյգելը: Ընդսմին նա նշել Է, որ Ուկրաինայի իրադարձությունները «Էլ ավելի են մերձեցրել ԱՄՆ-ի հարաբերությունները Եվրոպայի մեր բարեկամների, այդ թվում՝ Վրաստանի հետ»: