Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանագրով զինված ուժերի շարքերից զորացրվել եւ պահեստային կարգ է փոխադրվել Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայի նախկին պետ, գեներալ-մայոր Նաջաֆ Համբարովը: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը' հղում կատարելով իր ռազմական աղբյուրներին:
Զաքիր Հասանովը երեկ հրամանագիր է ստորագրել նաեւ Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շային Սուլթանովին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նրան պաշտոնից զրկելու պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հրամանով ԶՈւ շարքերից (նախկին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւի հետ) պաշտոնանկ են արվել 7 գեներալներ եւս' ԶՈւ գլխավոր շտաբի կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության նախկին պետ գեներալ-լեյտենանտ Յաշար Այդամիրովը, ՊՆ գլխավոր տեսչության պետ գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաեւը, կապի վարչության պետ գեներալ-մայոր Ֆազիլ Աշումովը, ՊՆ թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Փիրի Իսրաֆիլովը, ռազմական կրթության եւ ուսուցման վարչության աշխատակից գեներալ-մայոր Էլման Հանբարովը եւ ՊՆ ռազմաբժշկական վարչության նախկին պետ բժշկական ծառայության գեներալ-մայոր Դաղլար Աբդուլլաեւը: