Արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենը հանդես է եկել խիստ քննադատությամբ Թուրքիայի ներկայիս իշխանությունների հասցեին: Նա հայտարարել է, որ թուրքական կառավարության կազմում մի խումբ ղեկավար անձինք նպատակաուղղված խոչընդոտում են երկրի զարգացմանը, ինչը հանգեցրել է այն բանին, որ Թուրքիան կորցրել է Եվրամիությաննն անդամակցելու հնարավորությունը:
Անգլիական Financial Times թերթում հրապարակած' «Ժողովրդավարությունը պահպանելու համար Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի» վերնագրով հոդվածում Գյուլենը խստորեն քննադատել է նաեւ դատական մարմինների եւ համացանցի դեմ ուղղված նոր արգելքը:
«Երկրում եւ արտասահմանում վստահությունը կրկին ձեռք բերելու համար թուրքական կառավարությունը պետք է հավատարիմ մնա մարդու իրավունքների միջազգային նորմերին, օրենքի գերակայությանը եւ կառավարման սկզբունքներին: Թուրքիան պետք է քաղաքացիների հավանությանն արաժանացած նոր Սահմանադրություն ընդունի», -ասել է նա:
Նշելով, որ մտքի եւ արտահայտվելու ազատությունը հանդիսանում են ժողովրդավարության կարեւոր բաղկացուցիչ մասերը, Ֆեթուլլահ Գյուլենն ընդգծել է, որ Թուրքիայում թափանցիկության եւ մամուլի ազատություն ցածր մակարդակը քայքայել է երկրի բարոյական հիմքերը, ինչն էլ հանգեցրել է ներկայիս իշխանությունների բռնապետական նկրտումներին:
Գյուլենը պատասխանել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նրան ուղղված' «վերադարձիր հայրենիք» կոչին: Նա նշել է, որ շարունակելու է իր կրոնական գործունեությունն ԱՄՆ-ում եւ հեռու է մնալու որեւէ քաղաքական կուսակցությանը պաշտպանելուց: «Հիմնական ժողովրդավարական սկզբունքների ընդունումը Թուրքիային թույլ կտա օրինակ դառնալ մահմեդական աշխարհում», -հայտարարել է արդի իսլամի գաղափարախոսը:
Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող «Գյուլենի համայնքը» Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: