Ղրիմի իշխանությունները մարտի 16-ի հանրաքվեի ընթացքին հետեւելու համար ստացել են 21 երկրից 50 դիտորդների համաձայնությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ղրիմի Գերագույն խորհրդի՝ հանրաքվեի նախապատրաստման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշեւը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նրա խոսքով՝ նրանք Իսրայելի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, ներկայացուցիչներն են, այդ թվում՝ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ:

 

Ղրիմի հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կդառնան մարտի 17-ին, ասել Է Մալիշեւը:

 

Ղրիմի իշխանությունները կքննարկեն ԵԱՀԿ-ի դիմումը հանրաքվեին նրանց դիտորդների մասնակցության մասին, եթե այն ստանան: Մալիշեւը, այնուամենայնիվ, կասկած Է հայտնել, թե այդպիսի դիմում հանձնաժողովը կստանա:

 

Նախօրյակին Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ Ռուստամ Տեմիրգալիեւը միջազգային բոլոր դիտորդներին կոչ Է արել ժամանել ինքնավար հանրապետություն՝ օբյեկտիվորեն լուսաբանելու մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն:

 

«Հանրապետական իշխանությունները պաշտոնական մանդատ ունեցող միջազգային դիտորդներին հրավիրում են գրանցվել հանրապետական ընտրական հանձնաժողովում, ձեւակերպել համապատասխան փաստաթղթերը եւ օբյեկտիվորեն լուսաբանել ղրիմցիների կամաարտահայտման ընթացքը»,-հայտարարել Է Տեմիրգալիեւը:

 

Մինչդեռ ԵԱՀԿ-ն անօրինական է ճանաչել Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն: ԵԱՀԿ-ի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել Է, որ հանրաքվեն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը եւ պետք է անօրինական համարվի: Նրա խոսքով՝ Ղրիմի ինքնավարության աստիճանի կամ անկախության շուրջ հանրաքվեն պետք է հիմնվի Ուկրաինայի սահմանադրության վրա եւ պետք է համապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին: Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին ձեռնպահ մնալ ոչ սահմանադրական գործողություններից, ինչպես նաեւ բացառել հա նրաքվեին ԵԱՀԿ-ի դիտորդների ուղարկելու հնարավորությունը:

 

Բուրկհալտերը նշել է, որ, բացի հանրաքվեի ոչ սահմանադրական լինելուց, դիտորդներ ուղարկելու եւս մեկ խոչընդոտ է Ուկրաինայի իշխանությունների կողմից հրավերի բացակայությունը՝ նկատի առնելով այն, որ հանրաքվեին հետեւելու հրավերն ուղարկվել է ոչ թե Կիեւի, այլ Ղրիմի խորհրդարանի կողմից: