Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամային իրադրության քննարկմանը: Նա հայտարարել է, թե իր երկիրը ռազմական արգրեսիայի զոհ է դարձել Ռուսաստանի կողմից, տեղեկացնում Է BBC-ին:

 

Յացենյուկն ընդգծել է, որ նման ագրեսիվ քաղաքականությունն անընդունելի է 21-րդ դարում, ընդսմին հավելելով, որ Կիեւը չի կորցնում հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հույսը: Նա կոչ է արել Մոսկվային զորքերը դուրս բերել Ղրիմից եւ ուղղակի բանակցություններ սկսել հակամարտության լուծման շուրջ, որը, նրա խոսքով, արդեն վաղուց դուրս Է եկել Ուկրաինայի սահմաններից:

 

«Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է երկխոսության: Մենք բանակցություններ ենք ցանկանում, այլ ոչ թե ռազմական ագրեսիա»,- հայտարարել է Յացենյուկը, որը ելույթ էր ունենում անգլերենով:

 

Այնուհետեւ նա ռուսերենով դիմել է դահլիճում նստած ռուսական պատվիրակությանը եւ հարցրել. «Ռուսները ցնկանում են արդյոք պատերազմ»:

 

«Ռուսները Ղրիմում պատերազմ չեն ցանկանում, ինչպես եւ ուկրաինացիները»,- պատասխանել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հավելելով, որ Ռուսաստանը չի ցանկանում նաեւ «իրադրության հետագա էսկալացում»:

 

Սակայն Ռուսաստանի ներկայացուցիչը չի պատասխանել խաղաղ բանակցություններ սկսելու Յացենյուկի կոչին եւ Կիեւի նոր իշխանություններին մեղադրել է այն բանում, որ նրանք «Ուկրաինան պառակտում են երկու մասի»:

 

ՄԱԿ-ի ԱԽ-ում Արսենի Յացենյուկի ելույթը հիմնականում նվիրված էր Ղրիմի իրադրությանը: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները: «Ղրիմը կա, կլինի ու կմնա Ուկրաինայի անբաժանելի մասը»,-ասել է Յացենյուկը:

 

Մինչդեռ արեւմտյան դիվանագետներն ակտիվացնում են ջանքերը՝ ուղղված հակամարտության սաստկացումից խուսափելուն:

 

Մարտի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին վերստին պետք է հանդիպում ունենա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, այս անգամ՝ Լոնդոնում:

 

Նախօրյակին Քերին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դարձյալ հայտարարություններ են արել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության սրվելու կապակցությամբ եւ Ռուսաստանի իշխանություններին նախազգուշացրել պատժամիջոցների մասին այն դեպքում, եթե նրանք չգնան Ղրիմի իրադրության ապաէսկալացման:

 

Բունդեսթագում ունեցած ելույթի ընթացքում Մերկելը նշել է, որ «եթե Ռուսաստանը շարունակի գործել այնպես, ինչպես վերջին շաբաթներին, դա աղետ կլինի ոչ միայն Ուկրաինայի համար»:

 

Սպասվում է, որ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների՝ մարտի 17-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկվի Ռուսաստան զենքի արտահանման արգելք սահմանելու եւ Արեւմուտքում ռուս պաշտոնյաների ակտիվների սառեցման հարցը: