Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ինստիտուտը (ՍԽՀՀԻ) նոր զեկույց է պատրաստել աշխարհում զենքի վաճառքի վերաբերյալ: Փորձագետները 2009-2013 թվականներին խոշորագույն մատակարարներ են համարել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանը և Ֆրանսիան: Սպառազինությունների արտահանման համաշխարհային ծավալում նրանց բաժինը կազմել է 74 տոկոս: ԱՄՆ-ին և Ռուսաստանին բաժին է ընկնում 56 տոկոսը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Ռուսաստանը պահպանել է արտահանման բարձր մակարդակը, չնայած «սառը պատերազմի» ավարտից հետո իր ռազմարդյունաբերական համալիրում տիրող ճգնաժամին: 2009-2013 թվականներին ՌԴ-ն սպառազինություններ է մատակարարել 52 երկրի: Ամենամեծ ծավալը բաժին է ընկել 2013 թվականին ինքնաթիռների մատակարարումներին Հնդկաստանին»,-հայտարարել է ինստիտուտի ավագ գիտաշխատող Սայմոն Վեզեմանը:

 

Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Պարսից ծոցի երկրների կողմից զենքի գնումների աճին: 2008-ից մինչև 2013 թվականն այս ցուցանիշը մեծացել է 23 տոկոսով: Օրինակ՝ Սաուդյան Արաբիան տվյալ ժամանակամիջոցում բարձրացել է 18-րդ հորիզոնականն աշխարհում զենքի գլխավոր ներմուծողների ցուցակում: ԱՄՆ-ին է բաժին ընկնում Պարսից ծոցի երկրներին սպառազինությունների մատակարարումների ընդհանուր ծավալի 45 տոկոսը: Ինչպես նշել է Ստոկհոլմի ինստիտուտը, Վաշինգտոնը կնքել է մի շարք խոշոր գործարքներ, որոնք թույլ են տալիս այս մակարդակը պահպանել նաև հետագայում: