Ուկրաինան չի ծրագրում Հայաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել: Հարցը Ուկրաինայի արտաքին քաղաքականության օրակարգում չկա, եւ նման խնդիր չի էլ քննարկվել: Մարտի 20-ին «Մեդիա կենտրոն»-ում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան նշեց, որ պատճառներ չկան, որպեսզի հեռանկարում ներկայիս կարգը փոփոխվի:

 

Ուկրաինայի' ԱՊՀ կազմից դուրս գալու որոշումն էլ որեւէ կերպ չի անդրադառնա հայ-ուկրաինական հարաբերությունների եւ վիզային ռեժմի վրա: «Հայ-ուկրաինական հարաբերությունների առնչությամբ գոյություն ունի շուրջ 70 փաստաթուղթ, եւ դրանք թույլ կտան կարգավորել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- ասաց Կուխտան:

 

Ուկրաինան որոշել է վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ: Այդ առնչությամբ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ համապատասխան հանձնարարություն է տվել:

 

Դեսպանի գնահատմամբ, թեպետ կա համապատասխան որոշում, սակայն ընթացակարգն արագ չի լինի, քանի որ փաստաթղթերի ուսումնասիրման եւ փոխանակման անհրաժեշտություն կա:

 

Խոսելով ԱՊՀ կազմից Ուկրաինայի դուրս գալու որոշման վերաբերյալ' Իվան Կուխտան նշեց, որ անիմաստ է համարում անդամակցությունը մի կառույցի, որի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները չեն կարողանում ժամանակ գտնել խնդիրները քննարկելու համար: «Ի՞նչ է այդ կազմակերպությունը միայն թեյ ու սուրճ խմելո՞ւ համար է»,- ասաց դեսպանը:

 

Ուկրաինայում իրավիճակը սրվեց 2013թ. նոհեմբերի 30-ից հետո, երբ եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցները հավաքվեցին Կիեւի կենտրոնական հրապարակում' Մայդանում եւ իշխանություններից պահանջեցին ստորագրել Եմ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Մի քանի ամիս տեւած բողոքի ակցիաների արդյունքում հունվարին երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ իշխանության գլուխ եկան անձինք, ովքեր Ուկրաինայի ապագան տեսնում էին Եվրոմիության կազմում: Կիեւի իրադարձությունները բուռն արձագանք գտան Ղրիմում: Մարտի 16-ին տեղի ունեցավ հանրաքվե, եւ բնակչության գերակշի ռ մասը կողմ արտահայտվեց Ռուսաստանի հետ միավորվելուն: Այս ընթացքում ԱՊՀ ղեկավարությունը ստանձնած Ուկրաինան մի քանի անգամ դիմել է կառույցի արտաքին գործերի նախարարներին երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, սակայն երկու անգամ նախանշված հանդիպումը տապալվել է:

 

 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ