Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել Ուկրաինայի անցումային կառավարությանը շուտափույթ իրավական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև բացահայտել երկրում անկարգությունների ժամանակ տեղի ունեցած սպանությունները: Ինչպես հաղորդում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է Deutsche Welle մեդիա-ընկերությունը: «Այդ սպանությունները պետք է անհապաղ հետաքննվեն' հետագա շահարկումներից խուսափելու համար»,-նշված է հայտարարության մեջ:

 

Եվրոպայի խորհրդի ղեկավարը կոչ է արել նաև բարեփոխումներ իրականացնել երկրի արդարադատության և ընտրական իրավունքի ոլորտներում:

 

Գլխավոր քարտուղարն անդրադարձել է Նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի նախարարարների միջնորդությամբ կայացած համաձայնությանը: Այդ փաստաթղթով կողմերը պայմանավորվել էին ապահովել երկրում փոքրամասնությունների պաշտպանությունը, ինչպես նաև Ուկրաինայի անցումային կառավարությունում ապահովել երկրի բոլոր կուսակցությունների և մարզերի մասնակցությունը, որը ներկայումս չի արվում:

 

Յագլանդը մտահոգություն է հայտնել, նշելով, որ ստորագրված պարտավորությունների հետագա ձգձգումը կբերի երկրի ապակայունացմանը:

 

Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2013 թվականի նոյեմբերին: Փետրվարի 22-ին երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն: