Ձմռան ցրտերի հետևանքով չեն տուժել պտղատու ծառատեսակները, չեն վնասվել նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը և լավ նախադրյալներ կան բարձր բերքատվության ապահովման համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Արարատյան դաշտում մարտի 17-ից սկսել է ծիրանենիների ծաղկումը և մի քանի օրից կդիտվի համատարած ծաղկումը: Չնայած գյուղատնտեսական տարին շուրջ 2 շաբաթով սովորականից ավելի շուտ է սկսվել, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ եղանակային պայմանները բարենպաստ են և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:

 

Հանրապետության ողջ տարածքում, սկսած 2013թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից, արձանագրվեց ջերմաստիճանի կտրուկ անկում և արդեն ամսվա վերջին Արարատյան հարթավայրի առանձին հատվածներում գիշերային ժամերին գրանցվեցին մինչև -20 -220C, իսկ բարձրադիր գոտում՝ զգալիորեն ավելի ցածր: Նշված ջերմաստիճանային ռեժիմը, սովորաբար, վտանգ է ներկայացնում չթաղված խաղողի այգիների համար:

 

Հնարավոր հետևանքները պարզելու նպատակով, դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին, բոլոր տարածաշրջաններում գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) մասնագետների կողմից, սենյակային պայմաններում, ուսումնասիրվել են սեղանի և տեխնիկական տարբեր սորտերի չթաղված վազերից վերցված կտրոնները, որի արդյունքում պարզվել է, որ տեխնիկական սորտերի վազերը չեն տուժել, իսկ սեղանի առանձին սորտերի միամյա մատերի վրա նկատվում է կենտրոնական աչքերի որոշ վնասվածություն, որը ըստ մասնագետների եզրակացության՝ վազերի բերքատվության վրա էական ազդեցություն չի ունենա: Ավելին, սովորաբար այգեթաղի և այգեբացի ընթացքում վազի թևերի, ենթաթևերի ու բերքատու մատերի 20-30%-ը կոտրվում են ու վնասվում, պատճառ դառնում բերքի կորուստների, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Բացի այդ, խաղողի վազը ունի վերականգնվելու մեծ ներուժ և բավարար ագրոտեխնիկայի կիրառման, ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի համալիր օգտագործման, բուժումների և ոռոգման աշխատանքների ժամանակին կազմակերպման դեպքում ոչ միայն հաջողվում է վերականգնել կորուստները, այլև բարձր բերք ապահովել:

 

Այնուամենայնիվ, Գյուղատնտեսության նախարարությունը չի խրախուսում այգեթաղից հրաժարումը և հորդորում է հանրապետության այգեթաղ տարածաշրջանների խաղողագործներին՝ պարտադիր կատարել այգեթաղ, միաժամանակ զգուշացնելով, որ խիստ սառնամանիքների դեպքում կարող են ցրտահարվել անգամ վազերի թևերն ու բունը և գյուղացուն զրկել մի քանի տարի բերք ստանալու հնարավորությունից: