Արցախի դիրքերում հակառակորդ կողմի դիպուկահարի կրակոցից զոհված՝ Շիրակի մարզի Նահապետավան գյուղի բնակիչ 22-ամյա Գառնիկ Թորոսյանը ողբերգության նախորդ օրը հեռախոսով խոսել էր հոր հետ, խնդրել էր, որ համբերատար սպասի իրեն, տնեցիներին լավ նայի։

 

«Զանգել էր, հարցուփորձ էր անում՝ ոնց ենք, ինչ ենք անում, բոլորից առանձին-առանձին հարցրեց, հետո էլ ասեց՝ թե մամային ու ապերին լավ կնայես, պապ ջան մեկ էլ, թե կարող ես, այսօրվանից փող հետ գցեք, ինձ մի քանի կտոր շոր առեք, որ զորացրվեմ, քաղաքացիական հագուստով դուրս գամ, գամ թե չէ, քեֆ ենք անելու, պապ ջան,ամեն բան լավ է լինելու»- NEWS.am-ին պատմեց Գառնիկի հայրը՝ Վահան Թորոսյանը:

 

Գառնիկն իր տարեկիցներից մի փոքր ուշ էր բանակ զորակոչվել մաշկային հիվանդության պատճառով։

 

«Ամեն օր դժգոհում էր, որ չի գնացել,ասում էր՝ գոնե շուտ կգնայի, շուտ կգայի, անհամբեր էր, ուզում էր շուտ գնար, գար, աշխատանք գտներ քաղաքում, միշտ ասում էր՝ իմ ընտանիքին թիկունք եմ լինելու, գործ կգտնեմ, պապ ջան ու դու էլ մենակ չես լինի»- պատմեց Գառնիկի հայրը։

 

Գառնիկը, որը մի քանի ամսից պիտի զորացրվեր, մեկ անգամ էր արձակուրդին տուն գնացել, զորակոչվելուց վեց ամիս հետո. չէր ուզում տնեցիներին նեղություն տալ. «Ասում էր՝ մերոնց ձեռքը փող չկա, ես էլ ո՞ւր գամ, ոչ մի բան էլ չէր խնդրում, եղածով էր բավարարվում, նեղն էլ լիներ, ձայնը չէր հանում, մարդ չէր իմանա, որ ինչ-որ բանի կարիք ունի, էնքան լուռ երեխա էր որ, զարմանում էինք»- պատմեցին Գառնիկի հարազատները:

 

Մանրամասները` այստեղ: