Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է Ուկրաինայի շուրջն ստեղծված լարված իրադրության պատճառով Եվրոպայի պառակտումից: Այդ մասին նա հայտարարել է Bild թերթում հրապարակված հարցազրույցում:
«Մենք պետք է վերադառնանք բնականոն փոխհարաբերություններին»,- ասել է նա: Նախարարի կարծիքով՝ այժմ քայլը Մոսկվայինն է:
Շտայնմայերը նշել է, որ Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններ ԵԱՀԿ-ի դիտորդների պատվիրակություն ուղարկելուն ռուսական կողմի հավանությանը պետք է հետևեն իրադրության ապաէսկալացման հետագա քայլերը:
«Մենք նախկինի պես շահագրգռված ենք ՌԴ-ի հետ առողջ հարաբերություններ ունենալու հարցում,- ընդգծել է ԱԳ նախարարության ղեկավարը:- Չի կարելի թույլ տալ Եվրոպայի նոր պառակտում»: Այնուամենայնիվ, Շտայնմայերի խոսքով՝ քանի դեռ Մոսկվան չի փոխել Ուկրաինայի նկատմամբ իր ուղեգիծը, հնարավոր չի լինի վերադառնալ սովորական օրակարգին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: