Ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ին, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հարցաքննության չի ներկայացել երկրի գլխավոր դատախազություն, որը պլանավորում էր նրան հարցաքննել մի շարք գործերով: Գլխավոր դատախազությունն առայժմ չի մեկնաբանել իրադրությունը:

 

Սահակաշվիլիին պատրաստվում էին հարցաքննել միանգամից մի քանի գործերով: Մասնավորապես, նրան պետք է հարցեր տային 2005 թվականին վարչապետ Զուրաբ Ժվանիայի զոհվելու գործով, ինչպես նաև այն անձանց համաներման առնչությամբ, որոնք դատապարտվել էին 2006 թվականին «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով, և 2009 թվականին Մուխրովանիում Վրաստանի զինված ուժերի գումարտակի խռովության կասեցման հատուկ գործողության անցկացման գործով:

 

Նախկին նախագահն ինքը, որը Վրաստանից մեկնել է անցյալ տարվա նոյեմբերին երկրի նոր նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, հայտարարել է, թե մտադիր չէ հարցաքննության համար ժամանել Թբիլիսի, հավելելով, որ իր դեմ «կեղտոտ քաղաքական խաղեր են» ձեռնարկվում:

 

Մարտի 27-ին Վրաստանի գլխավոր դատախազության մոտ բախում է տեղի ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցների և հակառակորդների միջև: Կեսօրին գլխավոր դատախազության շենքի մոտ էին հավաքվել նախկին նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները: «ԻնտերպրեսՆյուս» գործակալության հաղորդագրության համաձայն՝ ոստիկանները Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցներին ու հակառակորդներին բաժանել են կենդանի միջանցքով, ձերբակալվել է մի քանի հոգի: