Զինված խմբավորումները մարտի 27-ի կեսօրին հսկողություն են հաստատել Քեսաբի մերձակայքում գտնվող Բաղջաղաս հայկական գյուղի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Քեսաբի բնակչուհի Նանոր Կարապետյանը՝ ավելացնելով, որ զինյալներն առաջ են շարժվում դեպի ծով: Մեր հայրենակցուհին նաև տեղեկացրեց, որ գյուղի բնակիչները շաբաթվա վերջին մյուս գյուղերի բնակիչների նման տեղափոխվել են Լաթաքիա: Բաղջաղասում այժմ բնակիչներ գրեթե չեն մնացել:
Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ թուրքական հրասայլերը և ուղղաթիռները անցել են թուրք-սիրիական սահմանը՝ օժանդակելու Քեսաբի շրջանում կռվող Սիրիայի ազատ բանակի ուժերին: Թուրքական ռազմական օդանավերը անընդհատ թռիչքներ են իրականացնում սահմանագծի վրա, իսկ ազատ բանակի վիրավորները թուրքական փոխադրամիջոցներով տեղափոխվում են Թուրքիա:
Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցում: Տեղի Հայ շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: