Օդեսայում ավարտվել է Ուկրաինայի հայերի միության խորհրդաժողովն ու ընդունվել համատեղ հայտարարություն երկրում տեղի ունեցող իրադարձությունների և վերջին զարգացումների առնչությամբ: Ինչպես հաղորդում է Կիևում հրատարակվող Analitika կայքը, հայտարարության մեջ ասվում է. «Ուկրաինայի հայերի միությունը միակ կազմակերպությունն է, որը ներկայացնում է Ուկրաինայում ապրող հայերի շահերը, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են:
Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի օրենսդրության շրջանակում գործող հասարակական կազմակերպություն է: Այդ պատճառով էլ մենք իրավունք չունենք մեկնաբանել ՀՀ և ՌԴ նախագահների զրույցը: Մեր դիրքորոշումը երկրի, և մասնավորապես' Ղրիմի քաղաքական իրավիճակի մասին մնում է անփոփոխ: Ուկրաինայի հայերը խորապես ցավում են երկրում իրավիճակի սրացման պատճառով և կոչ անում խաղաղ ճանապարհով լուծելու գոյություն ունեցող խնդիրները: Ուկրաինայի հայերի միությունը հանդես է գալիս հանուն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության:
Սրված հակամարտությունները պետք է լուծվեն ներպետական կառուցողական երկխոսության միջոցով' հաշվի առնելով Ուկրաինայի բոլոր քաղաքացիների շահերը: Մենք դատապարտում ենք Ուկրաինայի հայերի միության կազմակերպություն-անդամների գործողությունները և հայտարարությունները' ցանկացած միակողմանի որոշում ընդունելու վերաբերյալ, որը համաձայնեցված չէ Ուկրաինայի հայերի միության հետ: Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը աջակցում է Ուկրաինայի հայ համայնքի պահպանմանը, կատարելով իր առաքելությունը' աղոթում Ուկրաինայի բոլոր մարզերում և Ղրիմում իրավիճակի կայունացման համար: Մենք, ինչպես և Ուկրաինայի ժողովուրդը, սգում ենք երկրում կատարվող իրադարձությունների ընթացքում գրանցված զոհերի մահը, որոնց շարքում կա նաև երկու հայ:
Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին' մեզ չհեռացնելով էթնիկ ուկրաինացիներից և Ուկրաինայում ապրող մյուս ժողովուրդներից»: Ուկրաինայի հայերի միությունը միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները: