ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու Հայաստանի քայլը իրատեսական այլընտրանք չուներ: Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Հայաստանը չէր կարող անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքը, և կայացված որոշումն ուղղակի այլընտրանք չուներ, այն դեպքում, երբ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով դիտարկումներին, թե դեմ քվեարկելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին, Հայաստանը Սուդանի և Հյուսիսային Կորեայի նման երկրների հետ նույն շարքում է հայտնվել, քաղաքագետն ընդգծեց, որ պետք չէ Հայաստանին այդ երկրների հետ նույն շարքում դասել: «Իմ կարծիքով, այս դեպքում Հայաստանը դարձել է Սառը պատերազմի տարիներին Ֆինլանդիայի նման երկիր, որը ցանկանում էր հավասարակշռված հարաբերություններ պահպանել թե՛ Արևմուտքի, թե՛ Խորհրդային Միության հետ: Նույն վիճակում հիմա Հայաստանն է, որը ձգտում է պահպանել Արևմու տքի հետ լավ հարաբերությունները, միևնույն ժամանակ չի կարող անտեսել իր և իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի շահերը»,- նշեց նա:
Քաղաքագետն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ խորհրդարանական ընդդիմության մի մասը պաշտպանել է Հայաստանի իշխանությունների այս որոշումը՝ ընդգծելով, որ դա խոսում է այն քաղաքական համաձայնության մասին, որ կա Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև Լեռնային Ղարաբաղի հարցում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Հայաստանը դեմ է քվեարկել նախագծին: