Ռուսաստանում ստեղծվել է նոր նախարարություն, որի գործառույթը Ղրիմի հարցերով զբաղվելն է: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, մարտի 31-ին Ղրիմ կատարած այցելության ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

 

Ղրիմի հարցերով նախարար է նշանակվել Էկոնոմիկայի փոխնախարար Օլեգ Սավելևը: Նախարարությունը պետք է կազմի նախագծեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը:

 

«Ղրիմի և Սևաստոպոլի զարգացումը մեզ համար դարձել է պետական առաջնահերթություն: Չեմ թաքցնի' նման որոշումը պահանջում է տարբեր գերատեսչությունների ջանքերի կենտրոնացում: Հենց այդ պատճառով, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի, որպեսզի ստեղծվի հատուկ դաշնային կառույց, որն էլ պատասխանատու կլինի Ղրիմի և Սևաստոպոլի համար իրականացվող որոշումների համար»,- ասաց Մեդվեդևը:

 

ՌԴ վարչապետը նորանշանակ նախարարին և Ղրիմի փոխվարչապետ Դմիտրի Կոզակին կարգադրել է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը ներկայացնել Ղրիմի զարգացման ծրագրի ամբողջական փաթեթը: